Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունը նախագահին չի կարողանա փոխել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի ընտրություններ անցկացնելու համար կազմակերպված ստորագրահավաքը չի հասել իր նպատակին:
Ինչպես նախկինում նշել էինք կուսակցության ղեկավար կազմի գործունեությունից դժգոհ հատվածը նախկինում ԺՀԿ-ի նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի նախաձեռնությամբ, պահանջում է արտահերթ համագումար անցկացնել, որտեղ կընտրվեր նոր նախագահ: Կուսակցության կանոնադրության համաձայն համագումար անցկացնելու համար անհրաժեշտ էր հավաքել նվազագույնը 622 ստորագրություն:
Նախօրեին Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) կենտրոնական գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, հայտնելով, որ հավաքվել է 569 ստորագրություն, որը չի բավարարում անհրաժեշտ քանակը: ԺՀԿ-ը ղեկավարությունը ասել է. «Բացարձակ մեծամասնությունը չի ապահովվել: Համագումար չի լինի»:
Օգոստոսի 2-ին համագումարի կոչով հանդես եկող ներկուսակցական ընդդիմադիր հատվածը հայտնել էր, որ հավաքվել է 630 ստորագրություն և անհրաժեշտ է համագումար անցկացնել:
Սակայն նախօրեին ԺՀԿ ղեկավարության կողմից արված հայտարարության մեջ նշվել է, որ ստորագրություների վերջնական թիվը 569 է: