Նեթանյահուն կոչ է արել Եվրոպային պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումը և կոչ է արել եվրոպական երկրներին հետևել ԱՄՆ-ի օրինակին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ողջունում եմ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան վարչակազմի կարևոր որոշումը: Դա նշանակալի պահ է Իսրայելի, Միացյալ Նահանգների, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար: Նա խորհրդանշում է Իրանի տարածաշրջանային ագրեսիան կանգնեցնելու և միջուկային զենք ստանալու նրա ծրագրերի իրականացումը թույլ չտալու վճռականությունը»,- ասել է Նեթանյահուն տեսաուղերձում:
«Ես կոչ եմ անում եվրոպական երկրներին, որոնք խոսում են Իրանին զսպելու մասին, միանալ այդ նախաձեռնությանը: Անցել է խոսակցությունների ժամանակը, եկել է գործողությունների ժամանակը:
Այդպես է վարվում ԱՄՆ-ն, այդպես պետք է վարվի Եվրոպան»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը:
Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ: