VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ ավագանու ընտրություններին սեփական թեկնածու չունեցող ՀՀԿ-ն որոշի սատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ում առաջադրելու են «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նրանք սեփական թեկնածու են առաջադրելու՝ ի հակակշիռ իրենց դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: «Քանի որ ՀՀԿ-ն որպես կառույց փլուզվել է, կուսակցության եւ խմբակցության անդամ կամ նախկին անդամ ազատ են իրենց քվեն տալու այն անձին, ում ցանկանում են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասել է Երեւանի ավագանու անդամներից «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը: Մեկ փաստ էլ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու իր կողմնակիցներն այս օրերին քաղաքացիների հետ հանդիպումներում փորձում են թաքցնել ՔՊ-ի հետ տարաձայնությունները եւ համոզում են, թե իբր «Ելք» դաշինքում ամեն ինչ նորմալ է, իրենք առանձին են գնում ընտրությունների, որ հետո ավագանու նիստում միավորվեն եւ ձայն տան Հայկ Մարությանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբեմնի իշխանական հզոր կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, արտահոսքն այս օրերին շարունակվում է լայն թափով ընթանալ: Պաշտոնական տվյալներով` ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀԿ-ից հեռացել է 4 հազար 500 հոգի: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե այդ արտահոսքը սովորական երեւույթ է, նախորդ տարի էլ ՀՀԿ-ից 15 հազար մարդ է հեռացվել: Միաժամանակ, ՀՀԿ ներկայացուցիչը պնդել է, թե այս օրերին տեղի ունեցողն առաջիկա արտահերթ ընտրություններում դժվարություններ չի ստեղծի: «Չեմ կարծում՝ դժվարություններ լինեն։ Դա սովորական, աշխատանքային գործընթաց է»,- ասել է նա: Նկատենք, թեեւ Ռուբեն Թադեւոսյանը ներկայացրել է իրենց տրամադրության տակ եղած պաշտոնական թվերը, սակայն իրական պատկերը միանգամայն այլ է. ՀՀԿ-ից այս ընթացքում հեռացածների թիվը գերազանցում է տասնյակ հազարը, պարզապես ոչ բոլորն են հարկ համարում հատուկ դիմում ներկայացնել կուսակցության գրասենյակներ: Մեկ փաստ էլ. մեծ է վտանգը, որ ՀՀԿ-ից հեռացածները հիմա էլ փորձեն անդամագրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` պաշտոն ստանալու, աշխատանքը պահպանելու ակնկալիքով, բայց եւ այդպես նախկինի արատավոր բարքերը տեղափոխելով այնտեղ: Այնպես որ հատկապես այս ընթացքում ՔՊ-ն պետք է զգոն լինի կուսակցության շարքերը համալրելիս` թույլ չտալով սխալները, որ գործեց ՀՀՇ-ն 90-ականներին, երբ դռները բացեց նաեւ նախկին կոմսոմոլների առաջ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երեւան-Կենտրոն ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եւս մի քանի կալանավորներ կան։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքով համախցեցիների հետ, քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում. հեռուստացույց կա, սառնարան, հիգիենայի պարագաներ»,- մանրամասնեց պաշտպանը։ Հարցին՝ ինչով է խցում ամբողջ օրը զբաղվում Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանն ասաց. «Նրանով, ինչով որ մնացած կալանավորներն են զբաղվում. ժամանակ առ ժամանակ հանդիպում է փաստաբանների հետ, հետաքրքրվում է իր գործով, քննչական մեկումեջ աղքատիկ գործողություններ են արվում։ Դա է»։ Փաստաբանը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ քրեական գործի շրջանակներում մինչեւ հիմա 2 հարցաքննություն է տեղի ունեցել, իսկ առաջիկայի համար հստակ ժամկետ չկա՝ նոր հարցաքննություն սպասվում է, թե ոչ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունը դեռ ՀՀԿ իշխանության օրոք հանցագործների թիրախում է հայտնվել: «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ից 2018թ. փետրվար-մարտ ամիսներին գողություն է կատարվել. տարել են 50 պարկ ցեմենտ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմա Էդգար Բալասանյանին, Բորիկ Հայրապետյանին, Ալեն Ավագյանին եւ Արա Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այդ ՍՊԸ-ից գողություն կատարելու համար: 50 պարկ ցեմենտը նրանք գողացել են 3 տարբեր օրերի` «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին պատճառելով 142 հազար 500 ՀՀ դրամ վնաս: Ստեղծած խմբի անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ավելին` այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իավասության դատարան, իսկ ահա գործը կքննի դատավոր Նապոլեոն Օհանյանը»: