Ինչո՞ւ են Երևանից դեպի Եվրոպա չվերթներն իրականացվում գիշերային ժամերի. պարզաբանում
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ժամանակ առ ժամանակ կանդրադառնա ավիացիայի ոլորտի այն հարցերին, այն խնդիրներին, որոնք ամենից շատ են հետաքրքրում հանրությանը:
Այս մասին ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում։ Ամենից հաճախ հնչող հարցերից է, թե ինչու են Երևանից դեպի Եվրոպա չվերթներն իրականացվում հիմնականում գիշերային ժամերին։
Քաղավիացիայի կոմիտեի մեկնաբանությունում ասվում է. «Պատճառը ոչ թե ձևավորված թյուր կարծիքն է, որ գիշերային ժամերին իրականացվող չվերթները մատչելի են, այլ ավիաընկերությունների կողմից տարանցիկ ուղևորափոխադրումների համար հարմարավետ համակցման ժամերի ապահովումն է, որպեսզի չվերթը շարունակող ուղևորները ստիպված չլինեն երկար սպասել չվերթի շարունակությանը:
Իսկ այն ուղղություններով, որտեղ բարձր է կետից կետ փոխադրման պահանջարկը՝ ավիաընկերությունները հնարավորություն ունեն չվերթն իրականացնել ցերեկային ժամերին»: