Amnesty International մեղադրում է Թուրքիային Աֆրինում խոշտանգումների և դիակապտության մեջ
Թուրքական բանակը և Անկարայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության ջոկատները պատասխանատու են սիրիական Աֆրին քաղաքում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Նման եզրակացության է եկել միջազգային Amnesty International (AI) կազմակերպությունը, որի հետազոտության արդյունքները հրապարակվել են օգոստոսի 2-ին:
Մասնավորապես Թուրքիայի զինուժը և նրա կողմնակիցները մեղադրվում են դիակապտության, կամայական ձերբակալությունների, խոշտանգումների և բնակիչների այսպես կոչված բռնի անհետացման մեջ մի տարածաշրջանում, որտեղ ժամանակին քրդական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, գրում է Deutsche Welle-ն:
Ինչպես ասվում է զեկույցում, հիմնական պատասխանատվությունը հանցագործությունների համար կրում են սիրիական խմբավորումները, որոնք միևնույն ժամանակ զենք ու զինամթերք են ստացել Թուրքիայից: Գրոհայինների որոշ ջոկատներ տեղակայված են եղել դպրոցներում, դրանով իսկ խաթարելով ուսումնական գործընթացը: