Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումն ու քննարկումները շատ ավելի հեշտ ու հաճելի էին, քան իրեն թվում էր։ Այս մասին ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի համահիմնադիր, գլխավոր խմբագիր ու հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովի հետ Երեւանում տեղի ունեցած հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցազրույցի ժամանակ խոսվել է հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, ղարաբաղյան հակամարտության, վարչապետի որդու՝ առաջնագիծ մեկնելու, Պուտինի հետ ունեցած հանդիպումների մասին: Վարչապետը պատմել է, որ իր համար մեծ պատիվ է ունենալ ժողովրդի սերն ու վստահությունը, այդ սերը զգալով մեծ պատասխանատվությամբ ծառայել հայ ժողովրդին ու Հայաստանին:
Վենեդիկտովը Ն. Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչպես էր վերջինս պատկերացնում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումն ու շփումը: Ի պատասխան, վարչապետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումն ու քննարկումները շատ ավելի հեշտ ու հաճելի էին, քան իրեն թվում էր.
«Ես, անկեղծ ասած, այդ ամենն ավելի բարդ էի պատկերացնում։ Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն, որ նա ուղիղ եւ անկեղծ մարդ է։ Ի՞նչն է ինձ գոհացնում մեր հարաբերություններում։ Այն, որ մենք ամենի մասին խոսում ենք ուղիղ ու անկեղծ։ Մոսկվա իմ վերջին այցից հետո ես ասել եմ, որ Հայաստանի ու ՌԴ-ի միջեւ հարաբերություններում չպետք է լինեն մութ անկյուններ։ Դա չի նշանակում, որ մենք միշտ ամեն հարցում համաձայն ենք լինելու միմյանց հետ, այլ նշանակում է՝ մենք պարզապես անկեղծ ենք լինելու շփման մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Զրույցի ընթացքում Վենեդիկտովը հետաքրքրվել է Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի բարձրացրած հարցից՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին, Փաշինյանը դրական պատասխան է տվել, հաստատել, որ նման խոսակցություն եղել է, սակայն չի ցանկացել բացել քննարկման ամբողջ մանրամասները։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, Փաշինյանը նշել է, որ այս պահին տարածաշրջանում լարված իրադրություն է. «Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է վարում, կա պատերազմի մեծ հավանականություն, մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին: Նաեւ ավելի վաղ ես նշել եմ, որ Ռուսաստանն ունի բավարար լծակներ՝ այդ ամենը թույլ չտալու համար, եւ ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանն այդ լծակները չի կիրառի»:
Խոսելով իր որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ Արցախում ծառայության մեկնելու եւ առաջնագծում ծառայության անցնելու մասին, վարչապետը փաստել է, որ շատերը դա կարող են ընկալել որպես ագրեսիվ դրսեւորում, մինչդեռ ընդհակառակը՝ դա խաղաղասեր քայլ է, որովհետեւ իր որդուն Արցախ ուղարկելով ինքը հաստատում է, որ չի ցանկանում այնտեղ պատերազմ լինի:
«Աստված մի արասցե, որ զոհվի իմ որդին, մեր մյուս հայրենակիցների որդիները, ադրբեջանցի շարքային քաղաքացիների որդիները։ Ես ուրախ կլինեի, որ Իլհամ Ալիեւն էլ ուղարկեր իր որդուն այնտեղ ծառայելու։ Որովհետեւ եթե նրա որդին այնտեղ ծառայի՝ ես դա կընկալեմ որպես խաղաղասեր քայլ, եւ մենք բոլորս համոզված կլինենք, որ պարոն Ալիեւը նույնպես չէր ցանկանա, որ իր որդին զոհվեր», - ասել է ՀՀ վարչապետը։