26.11.2024
Մշտապես սպասում ենք պատերազմի վերսկսմանը, ու ոչ միայն Ադրբեջանի կողմից. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Վրաստանի հայկական դպրոցների դասագրքերի կարիք ունեն. ԿԳ նախարարը խոսել է դեսպանի հետ

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Վրաստանի հայկական դպրոցները՝ հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովելու հարցը բարձրացրել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Ինչպես հայտնում են նախարարությունից, հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր ուղիների նախանշումն է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հանդիպման առանցքում: 


Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերություններում կրթության ոլորտն առանձնահատուկ դեր ունի և դա է պատճառը, որ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է Վրաստանի իր գործընկերոջ հետ նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ: Արայիկ Հարությունյանը Վրաստանի հայկական դպրոցները՝ հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովելու հարցի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնելով, միաժամանակ ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերություններում յուրաքանչյուր հարց ժամանակի ընթացքում լուծում է ստանում՝ հատկապես, երբ առկա է քաղաքական կամքը:


Իր հերթին Վրաստանի դեսպանն ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ պատրաստակամություն է հայտնել կրթության ոլորտում բարեփոխումների փորձի փոխանակման և մարտահրավերներին համատեղ դիմակայելու առնչությամբ: Դեսպան Սագանելիձեի խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում չկա հարց, որ լուծում չստանա:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում ՀՀ ԿԳ նախարարի Վրաստան կազմակերպվելիք այցին, որի ընթացքում հարևան երկրների կրթական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն հայ-վրացական կրթական համագործակցության նոր ուղիները և առկա խնդիրները:


Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ներկա վիճակի՝ մասնավորապես, ուսանողների փոխանակման և կրթաթոշակների տրամադրման հնարավորության ընդլայանման, Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության, Վրաստանի հայկական դպրոցների գրադարանները հայերեն լեզվով գեղարվեստական գրականությամբ համալրելու, ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մեթոդաբանության անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ ։


Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվ երկխոսության միջոցով վերհանել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը և ապահովել հետագա շարունակական համագործակցությունը: