Մշտապես սպասում ենք պատերազմի վերսկսմանը, ու ոչ միայն Ադրբեջանի կողմից. Տոնոյան
Հայաստանը մշտապես սպասում է ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով, թեեւ իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից:
Լրագրողները դիտարկում արեցին, որ Պնախարարի վերջին հարցազրույցը ընկալվեց որպես ուղիղ զգուշացում Ադրբեջանին: «Ես բացի հայտարարություն անելուց, հիմք ունեմ մեր զինված ուժերի ոգու եւ պատրաստվածության վրա: Այն, ինչ վարչապետը եւ պաշտպանության նախարարը հայտարարում են, մենք անելու ենք դա», - արձագանքեց դիտարկմանը Դավիթ Տոնոյանը:
Նա անդրադարձավ նաեւ Նախիջեւանի ուղղությամբ տեղի առկա ռազմական իրավիճակին՝ նշելով, որ այնտեղ ադրբեջանական կողմը շարունակում է ինժեներական աշխատանքներ իրականացնել, ամրացնում են իրենց դիրքերը: «Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որ չեզոքացնենք այդ գործողությունները», - հայտարարեց նա՝ միեւնույն ժամանակ հերքելով տեղեկությունները, թե Նախիջեւանի ուղղությամբ լարվածությունն աճել է:
«Չկա այդպիսի բան, Զինված ուժերն այնպիսի գործողություններ են ձեռնարկել, որ չեզոքացրել են այդ մինչդիրքային տարածության կրճատումը», - եզրափակեց նախարարը: