Տոնոյանի դոկտրինը՝ ավելի պրոֆեսիոնալ ու արդի բանակ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայոց բանակի զարգացման ու արդիականացման իր տեսլականը, որը դառնալու է մոտակա տարիներին զինված ուժերի վերազինման ճանապարհային քարտեզ:
ՀՀ բանակը համալրվելու է արդի զինատեսակներով. սպառազինությունների թանկ մրցավազքի մեջ չներքաշվելով այդպիսով ապահովելով ռազմավարական բալանսն Ադրբեջանի հետ, ինչպես նաև առավելության հասնելով ոչ թե քանակական առումով, այլ զորքերի պրոֆեսիոնալության աճի ու մարտունակության մակարդակի բարձրացման առումով: Բացի այդ, շեշտը դրվելու է սեփական ռազմական արդյունաբերության զարգացման վրա, ինչը կթեթևացնի թե՛ ռազմական ծախսերը, թե՛ կախվածությունը ռազմական ներկրումներից:
Երկրորդ կարևոր գերակայությունն առաջնագծում զինվորների անվտանգության մակարդակի բարձրացումն է` դիվերսիոն հարձակումներից ու դիպուկահարների սադրանքներից: Զինվորների կյանքը խնայելու առումով ներդրվելու են տեխնոլոգիաներ ու այլ դիտարկման սարքեր՝ նվազագույնին հասցնելու համար հակառակորդի կողմից առաջնագծում կանգնած զինվորներին վնասելու շանսերը: Առաջնագծի հագեցումն ու զինվորների անվտանգության մակարդակի բարձրացումը կարևոր է նաև հասարակական ընկալման առումով` ապրիլյան քառօրյայից հետո պետք է կրկին անգամ վերականգնել հավատը բանակի ու առաջնագծում կանգնած զինվորների մասին պետության հոգատարության նկատմամբ:
Կարևորվելու է նաև բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների բացառումը` զինվորների մեջ բարոյահոգեբանական այլ արժեքների ներդրման ու զորքերի համախմբածության աստիճանի բարձրացման տեսանկյունից: Հասարակությունը հատկապես սուր է ընդունում զինվորների մահը բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով` դա ստվերում է բանակում կարգապահության մակարդակը ու ստիպում շատերին զգուշանալ երեխաներին ուղարկել բանակ, ինչն էլ ազդում է զորակոչի քանակի ու որակի վրա:
Տոնոյանի դոկտրինի մեջ կարևորվում է նաև բանակի նյութական բազայի ապահովումը, զինվորների կրթական մակարդակի շարունակական աճը այդ թվում բանակում, ինչը, մի կողմից, կթեթևացնի զինվորներ ունեցող ընտանիքների սոցիալական բեռն ու բանակից զորացրվելուց հետո զինվորները չեն կորցնելու իրենց կրթական ցենզն ու մասնագիտական որակները:
Կարևորվում է նաև ՀՀ-ի կողմից դաշնակցային հարաբերությունների պահպանումը ռազմավարական գործընկերների հետ. շեշտվում է, որ հայկական շահերի պաշտպանության համար հենվելու ենք դաշնակիցների ռազմա-տեխնիկական ներուժի ու հնարավորությունների վրա:
ՀՀ-ն փաստացի անցնում է smart army-ի կառուցմանը, ինչը լավագույն պատասխանը կլինի Բաքվի շարունակ ռազմատենչ հայտարարություններին ու սպառազինությունների գնմանը: