26.11.2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը «փուռը կտան» նախկին ոստիկանապետին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շուտով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ բացահայտումներով կարող են հանդես գալ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Թամամյանը: Այս երկու բարձրաստիճան ոստիկաններն էլ Ալիկ Սարգսյանի օրոք ազատվել են աշխատանքից եւ կոռուպցիայի ու կաշառակերության մեղադրանքով ազատազրկվել: Նրանք պատրաստվում են բացահայտել Ալիկ Սարգսյանի անմիջական կապը այդ մեղադրանքներին, ինչը նախկինում չէին կարողացել անել այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ Սարգսյանը իրենց վերադասն էր»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն է, որ 12 տարի միջոցներ է ներդրել Ամուլսարի հանքավայրի շահագործման համար և գրեթե մոտ է հանքավայրի շահագործմանը, քանի որ աշխատանքների 80 տոկոսը արված է: Փաշինյանը հասկանում է, որ անկախ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանը ունի միջազգային պարտավորություններ, որոնց խախտումը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել Հայաստանին, ինչի մասին նա հայտարարեց Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով կազմակերպված քննարկումների ժամանակ: Մյուս կողմից՝ Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներն են, որոնց պայքարի շնորհիվ «Լիդիան Արմենիան» կանգնեցրել է հանքի շահագործումը, քանի որ նրանք փակել են հանք տանող ճանապարհները: Նրանք համոզված են, որ Ամուլսարի շահագործման արդյունքում այնպիսի արտաքին միջավայր կստեղծվի, որը կվտանգի այդ տարածքում անվտանգ ապրելու իրենց իրավունքը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է, որ ԱԱԾ-ի խուզարկության ժամանակ Ալեքսանդր Սարգսյանի տանը հայտնաբերված թմրանյութերից, Սարյանի նկարներից, թանկարժեք ժամացույցներից ու մեքենաներից բացի, այլ ուշագրավ ապրանք նույնպես պետք է լիներ, որի ծագման մասին քչերը գիտեն: Խոսքը մի գորգի մասին է, որը 1982 թվականին «Հայգորգ» ձեռնարկությունում է արտադրվել և ոսկե ֆոնդի միակ նմուշն է եղել: Գորգի անունը «Հայաստան» է և վաճառքի համար նախատեսված չի եղել: Ի դեպ, «Հայգորգում» նման եզակի նմուշ համարվող գորգեր էլի են եղել, որոնք ազգային արժեք են համարվում: Եվ դեռևս անհասկանալի է, թե նախկինից մնացած այս և նման ապրանքներն ինչ նպատակով և ինչպես են այս կամ այն մասնավորի մոտ հայտնվել: «Փաստը» կփորձի առաջիկայում սեփական հետաքննություն անցկացնել և «Հայաստան» գորգը Ալեքսանդր Սարգսյանին նվիրելու մանրամասներն ու դրդապատճառները հրապարակել»:


«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀԿ-ն իր սովորույթներին չի դավաճանում․ ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտելու առիթով չորեքշաբթի օրը ֆրակցիան կրկին հավաքվել է Ավշարում, այս անգամ ոչ թե Արայիկ Գրիգորյանի գինու գործարանում, այլ՝ տանը։ Հավաքը եղել է ապաքաղաքական, «թեթեւ» թամադայություն է արել Վահրամ Բաղդասարյանը, խոսել են «անցնող-դարձողից, գազեթից-բանից»։ Ոչ մի քաղաքական միտք չի՞ հնչել, հետաքրքրվեցինք մենք։ «Ոչ»։ Ինչպե՞ս կարող էր։ «Կարող էր։ Հավաքի ֆորմատն ու տրամաբանությունը բոլորովին այլ էին․ իրար հետ մոտիկից շփվել-խոսել ենք, այսպես ասած՝ «ընտանեկան մթնոլորտում», հետո էլ՝ մենք դեռ սպասում ենք տեսնենք ինչ է լինում՝ բոլորի՞ս են ձերբակալում, թե՞, հնարավոր է, մի քանիսին թողնեն ազատության մեջ»,- սեւ հումոր արեց մեր զրուցակիցը։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ի դեպ, ներկա չի եղել․ նա այս օրերին Հայաստանում չէ։ Մնացածները՝ Դերժավայի Արկադի, Հակոբ Բեգլարյան, քաղաքական կորպուս, ներկա են եղել»։


«Հրապարակ» թերթը գրում է․ «Սյունեցիները զարմացած են Նիկոլ Փաշինյանի այցից: Լիսկայի մտրակին, Վոգի 37թ․ մեթոդներին սովոր մարդիկ ապշած են, թե ինչպես կարող է «շալվար-մայկով, կեպկան գլխին, մորուքով մարդը գա կանգնի եւ մեզ հետ խոսի»: Իրենց էլ ո՛չ ստիպեն գնալ հանդիպման, ո՛չ ասեն, թե ինչ հարցեր տան: «Ոնց որ վարչապետը եկած չլիներ, այլ ընդդիմադիր միտինգ լիներ»,- ասում էին սյունեցիները: Այս այցն անմահացավ մի քանի դրվագով՝ Գորիսում քաղաքապետին նկատողություն անելով անվճար տրանսպորտի համար, Մեղրիում մաքսակետի աղբի թեմայով, Կապանում էլ, երբ քաղաքապետը փորձել էր պատասխանել հարցին, մարդիկ սուլել էին: «Ամոթ էր, պատշաճ հյուրընկալություն չէին արել, ո՛չ բեմ էին սարքել, ո՛չ մի բան, մի քանի հարց տվեցին՝ վերելակի, գազի, ջրի, կենցաղային մանր-մունր հարցեր, ասեցին-խոսեցին, ծիծաղեցին, սելֆի արեցին, գնացին։ Սենց բան չէինք տեսել»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ Էջմիածինը լքել են կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Գրիգորյաններին պատկանող ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ փոքր ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Օրինակ՝ հացի արտադրամասը, որը օրական գրեթե 2 տոննա ալյուր էր օգտագործում հացաթխման համար՝ ապահովելով մի քանի զորամասերի հացի պահանջարկը, աշխատում է 10 տոկոս ծանրաբեռնվածությամբ, քանի որ զրկվել է եկամտաբեր բիզնեսից: Էջմիածնում է մնացել միայն Մանվել Գրիգորյանի դուստրը` Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր է: Վերջինս արձակուրդում է, որն ավարտվելու է սեպտեմբերին, եւ չի բացառվում, որ արձակուրդի ավարտից հետո աշխատանքից ազատվելու դիմում գրի: Դժվար է նման, մեղմ ասած, խախտված հեղինակությամբ արդարադատություն իրականացնել»:


«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը նոր աշխատանքի է անցել: Մեր տեղեկություններով՝ նա ստանձնել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը: Մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն անհայտ անձը հեռախոսահամար խնդրեց՝ խոստանալով, որ կզանգահարեն, բայց այդպես էլ ոչ ոք չզանգահարեց: Մենք տեղեկացանք, որ արդեն տեւական ժամանակ է՝ Եպիսկոպոսյանն աշխատանքի է գնում՝ նա նստում է «Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» շենքում»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հայրապետյանի հայտարարագրում գրեթե ոչինչ չկա: Նախարարը կառավարական պորտֆելը վերցնելու պահին որևէ ունեցվածք չի ունեցել: Հայտարարագրել է միայն դրամական միջոցներ, որոնք կազմել են 4 հազար 500 եվրո: Իսկ եկամուտներ, այսինքն՝ աշխատավարձ, չի ունեցել: Հայրապետյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա չի ծառայել ԶՈւ–ում: 2016 թ. հունվարից հանդիսանում է «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է: 2016 թ. ընտրվել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում: 2016–2018 թթ. եղել է ՔՊ սփյուռքի հարցերով համակարգող»։


«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քննարկումներում առաջարկում են կանանց մասնակցությունն ԱԺ-ում նախկին 25 տոկոսի փոխարեն դարձնել 40: Իրավաբանական շրջանակներում երեկ բուռն քննարկվում էր այս առաջարկը, ԸՕ-ում փոփոխությունների շուրջ տարիներ ի վեր աշխատած մասնագետները նշում են, որ ամեն ինչ պետք է հասարակությանը նման լինի, իսկ մենք այսօր նման հասարակություն չունենք: «Հայ կանանց մեծ մասի համար իրենց տունը, ընտանիքը թիվ մեկ նպատակն է, իրականում շատ քիչ են պատրաստված կանայք, որոնք քաղաքականությամբ կզբաղվեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ տարակուսանք հայտնելով, թե այդքան կին ինչպես են գտնելու, հո զոռով տներից չե՞ն հանելու բերեն ԱԺ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահը խաղադրույքներ էր կատարել միլիոնավոր դրամներ, ձերբակալվել է, ապա` գրավի դիմաց ազատ արձակվել: Սակայն մենք չենք խոսի ոչ հիմնադրամի, ոչ էլ հիմնադրամի նախագահի մասին: Խաղադրույքներ, օնլայն կազինոներ, բուքմեյքերական ընկերություններ: Հիմնադրամի նախագահ ես, թե տաքսու վարորդ, ուսանող, թե պատահական անցորդ, միևնույն է. ամեն քայլափոխի, հեռուստատեսությամբ, ռադիոյով, գովազդային վահանակներով, մի խոսքով` բոլոր հնարավոր ու անհնար կապի միջոցներով մեզ հետապնդում են զանազան մոլախաղերի գովազդները: Այո, մոլախաղերի, որովհետև հաճելի ժամանց, հարստանալու աննախադեպ հնարավորություն և նմանօրինակ հյութեղ ձևակերպումների տակ թաքնված է ամենապարզունակ մոլախաղը: Համացանցի ու համացանցային խաղերի ներկայիս հասանելիության պայմաններում գրեթե յուրաքանչյուր քաղաքացի կանգնած է մոլախաղի վտանգի առաջ: Իսկ պատճառները շատ պարզ են, չնայած երկրում կատարված իշխանափոխությանը, չնայած ԱԱԾ և այլ մարմինների բացահայտումներին, չնայած ներկայումս երկրում կատարվող իսկապես էլ դրական գործընթացներին, Հայաստանում սոցիալ–տնտեսական իրավիճակի նկատելի բարելավում չկա, չէր էլ կարող լինել նման կարճ ժամանակահատվածում: Չեն կրճատվել ոչ աղքատությունը, ոչ էլ գործազրկությունը, չեն փոփոխվել քաղաքացիների միջին եկամուտն ու նվազագույն աշխատավարձը:


Այս բոլորի համադրությունը կատարյալ պայմաններ է ստեղծում ամենաբազմազան մոլախաղերի լայն տարածման համար` հասկանալի պատճառներով: Սա բավական լուրջ և խորքային խնդիր է, քանի որ ի տարբերություն ֆիզիկական կազինոների, որոնց նկատմամբ հնարավոր է կիրառել վերահսկողական ինչ–ինչ մեխանիզմներ, համացանցային մոլախաղերի պարագայում գրեթե չկան պետական միջամտության տարբերակներ, ավելին` վերջիններիս վերահսկման սահմանափակ հնարավորությունների պարագայում պետությանը նաև զուտ ֆինանսական վնաս է հասցվում: Արդյունքում տուժում են և՛ հազարավոր սնանկացած քաղաքացիները, և՛ պետությունը: Իսկ օնլայն մոլախաղերը շարունակում են զարթոնք ապրել` ի վերջո արդեն բարձրաստիճան պաշտոնյաներն ու անձինք են դրանցով տարված