Ադրբեջանի իշխանությունները Իլգար Մամեդովի գործը վերաքննիչ դատարան են վերադարձրել
Ադրբեջանի գերագույն դատարանի պլենումը քննել է «ՌԵԱԼ»-ի առաջնորդ Իլգար Մամեդովի գործով ՄԻԵԴ որոշման կատարումը:
Վկայակոչելով Մամեդովի փաստաբան Ֆուադ Աղաեւին՝ haqqin.az-ը հայտնում է, որ պլենումը չեղարկել է վճռաբեկ եւ վերաքննիչ ատյանների որոշումները եւ գործը վերադարձրել Շեկինյան վերաքննիչ դատարան քննելու:
Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովին ձերբակալել էին 2013 թվականին՝ Իսմայիլիում անկարգությունների կազմակերպման եւ ակտիվ մասնակցության մեղադրանքով: 2014 թվականին դատարանի որոշմամբ նա ազատազրկվել է 7 տարով: 2014-ի մայիսին ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ Մամեդովի դեմ քրեական քննության ընթացքում խախտումներ են կատարվել: ՄԻԵԴ-ը պահանջում է Մամեդովին ազատել:
Այս հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը հանգում է նրան, որ երկրի կառավարությունը կատարել է Իլգար Մամեդովի գործով ՄԻԵԴ բոլոր կարգադրությունները, իսկ Մամեդովին անվերապահ ազատելու մասին պահանջներ ՄԻԵԴ որոշումը չի պարունակում:
Նախկինում Ադրբեջանի գերագույն դատարանն արդեն մեկ անգամ գործը վերադարձրել է Շեկինյան վերաքննիչ դատարան, որը դատավճիռն ուժի մեջ է թողել: Հիմա դատարանը երկրորդ անգամ կքննի ընդդիմադիրի գործը: