Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել, որում անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարեւորությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին եւ օրակարգային այլ հարցերի:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը Երեւան կատարած այցի, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների շուրջ տրված գնահատականների համար: Այս համատեքստում անդրադառնալով իշխանության ոչ բռնի փոխանցման գործընթացին՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ կատարվածը փաստում է Հայաստանում առկա քաղաքական մշակույթի զարգացվածության բարձր մակարդակի մասին: Կարեւորվել է նաեւ այն հանգամանքը, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը ջանքեր են ներդրել բախումներից խուսափելու համար:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարությունը լեգիտիմ խորհրդարանի կողմից կատարված ընտրության արդյունք է, ինչը խիստ կարեւոր սահմանադրական հիմք է Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման տեսանկյունից:
Անդրադառնալով նոր կառավարության հետ փոխգործակցությանը՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է անհանդուրժողականությունն արմատախիլ անելը, քաղաքական բազմակարծության խթանումը, մամուլի ազատության երաշխավորումը, ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ հարգանքը, քաղաքական դրդապատճառներով դատական հետապնդումների բացառումը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների գործընթացին: Այս համատեքստում նա կարեւորել է ընտրական բարեփոխումների իրականացումը քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա՝ ընդգծելով ընտրությունների անցկացման համար տրամաբանական ժամկետների սահմանումը:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններում համաձայնագրի արագ վավերացումը՝ մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:
Եվրոպական միության հետ հարաբերությունների խթանման գործընթացում Արմեն Աշոտյանն ընդգծել է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի առավել լայնիմաստ կիրառումը՝ շեշտադրում կատարելով քաղաքական եւ մյուս ոլորտներում աջակցության ու համագործակցության վրա՝ հիմնված գաղափարական արժեքների վրա:
Իր խոսքում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության կարեւորությանը ու նշել, որ ընդունելի սկզբունք պետք է լինի բոլորի համար այն, որ տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի բացառապես ժողովուրդների ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների վրա:
Ելույթի վերջում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Արեւելյան գործընկերության տարածաշրջանը երբեւիցե կլինի խաղաղության եւ համագործակցության օրրան: