26.11.2024
Հասանով. Ադրբեջանը զորահանդեսի ընթացքում կցուցադրի հակահրթիռային վահանի համակարգը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը փորձելու է վարել «smart war»

Ադրբեջանը գնել է ուղղաթիռներ, որոնք կարող են խոցել հակառակորդի թիրախներն առանց մտնելու մարտի դաշտ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:


Նա նշել է, որ ուղղաթիռները զինված են այնպիսի համակարգերով, որոնք կարող են խոցել թիրախները 10-50 կմ հեռահարության վրա: Բացի այդ, Հասանովն ակնարկել է, որ Ադրբեջանը տիրապետում է Երկաթե գմբեթ հակահրթիռային համակարգերին: Ըստ նրա, Բաքուն հունիսի 26-ի զորահանդեսի ընթացքում կցուցադրի իր հակահրթիռային վահանը:


Ադրբեջանը վերջերս էլ ձեռք է բերել Պոլոնեզ և LORA համակարգեր` ուժեղացնելով իր հարվածային զինատեսակները խոցման բավականին մեծ շառավիղով:


Բաքուն շարունակում է ձեռք բերել արդի զինատեսակներ, որպեսզի նվազեցնի զինված ուժերում «մարդկային գործոնը»` ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական կողմի առավելությունը հենց զինվորների մարտական պատրաստվածության աստիճանն էր:


Ադրբեջանը փորձում է նոր զինատեսակներով նվազեցնել իր բանակի այդ բացը` զինվորների փոխարեն պետք է առաջին ջութակի դեր տանեն անօդաչուները, հեռահար հրետանային և հրթիռային համալիրները, ինչպես նաև Թուրքիայում պատրաստություն անցած հատուկ ջոկատայինները: Նա փորձելու է վարել «smart war»:


Ադրբեջանական հատուկ ջոկատայիններն, ի դեպ, կիրառվել են ապրիլյան քառօրյայի ընթացքում` ունենալով մեծ կորուստներ, սակայն հիմնականում իրականացնելով իրենց առջև դրված խնդիրներն առաջնագծի կոնֆիգուրացիայի փոփոխման առումով:


Նախորդ տարի Ղարաբաղում ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակներով` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня) կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։


Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են թե՛ հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, թե՛ հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։


Ադրբեջանը փորձելու է հաջորդ պատերազմում նվազագույնի հասցնել իր կողմից զինվորականների կորուստները` կիրառելով այնպիսի հեռահար զինատեսակներ, որոնք թույլ կտան հարվածել ու փորձել խուսափել պատասխան հարվածներից, մասնավորապես չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգեր, որոնք կրակ արձակելուց հետո կարող են լքել դիրքն ու փոխել տեղակայման վայրը:


Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել հենց «Դանա»-ի կիրառմամբ` փորձարկելով այդ զինատեսակը մարտականին մոտեցված իրավիճակներում: Չմոռանանք, որ Ադրբեջանն Իսրայելից գնել է նաև Sand Cat զրահապատ մեքենաներ, որոնց անվանում են նաև մինի-տանկեր: