28.11.2024
Ինձ համար այդ տեսանյութը ցնցող էր, անսպասելի էր. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Այսքանից հետո Մանվել Գրիգորյանը ապրելու իրավունք չունի. Նաիրա Զոհրաբյան

Ինչպե՞ս կարող է մարդը, ով կրում է Արցախի հերոսի կոչում, գողանալ զինվորի սնունդը և ապրիլյան պատերազմում առաջնագծի համար նախատեսված տեխնիկան, հիգիենայի պարագաները, շտապ օգնության մեքենան: Դա զարհուրելի է և ես ուղղակի բառեր չեմ գտնում այդ երևույթին գնահատական տալու համար: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ԱԱԾ հրապարակած տեսանյութը շոկ է բոլորի համար.

«Ես ցնցված եմ ու բառեր չեմ գտնում նկարագրելու… այսքանից հետո Մանվել Գրիգորյանը, որպես մարդ, իրավունք չունի ապրելու: Նա, ով կարող է երեխաների նամակները պղծել, տանել շպրտել իր արջերի դիմաց և զինվորի համար նախատեսված սնունդով կերակրել իր զվարճանքի աղբյուր հանդիսացող կենդանիներին, և այդքանից հետո ինքն իրեն համարի զինվոր՝ նա ապրելու իրավունք չունի»,- ընդգծեց նա:

Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ սա ընդամենը մեկ դրվագ է և ՀՀԿ կլանից մի քանի հարյուր հոգի նույն կարգավիճակում են.

«Ես չեմ բացառում, որ որի տունն ու դղյակները մտնես նույն պատկերն է լինելու: Այն պատկերը, որը ցույց է տալու, թե ինչ դաժանությամբ ու վերժխնդրությամբ են թալանել Հայաստանը այն մարդիկ, ովքեր խոսում են հայրենասիրությունից ու բանակից»,- համոզմունք հայտնեց նա:

Պատգամավորը նաև ասաց, որ փաստ է, որ առանց իշխանությունների իմացության որևէ մեկը չէր կարող այս կերպ թալանել պետությունը:


Հիշեցնենք, նախօրեին ԱԱԾ-ն հրապարակեց տեսանյութ, որում երևում է, որ Մանվել Գրիգորյանը իրեն պատկանող հանգստյան գոտին վերածել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: