27.11.2024
Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է նրա պաշտպանությունից
prev Նախորդ նորություն

Ինձ համար այդ տեսանյութը ցնցող էր, անսպասելի էր. Շարմազանով

Այն, ինչ հրապարակվեց ԱԱԾ կողմից, մեկ բառով ասել դժվար է՝ վրդովմունք, հիասթափություն: Եթե պարզվեց, որ սա իրականություն է և այն, ինչի համար մեղադրվում է պատգամավորը, համապատասխանում է իրականությանը, ապա դրան արդարացում չկա: Սա մտահոգիչ է, հիասթափեցնող է և վրդովմունք է առաջացնում: Այս մասին Ազատության եթերում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, պետք է հնարավորություն տալ իրավապահներին օրենքի ողջ ծավալով իրականացնել գործընթաց:

Շարմազանովը նշեց, որ 2016 ապրիլին էլ հայտարարել է, հիմա էլ կրկնում է՝ զինվորի փայը գողացողը, բանակից մեկ լումա վերցնողը ամենախիստ բացասական գնահատականի է արժանի և պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Եվ ընդգծեց, որ երկակի ստանդարտներով չի առաջնորդվում՝ անկախ նրանից, թե ով է նման քայլ կատարել, նա արժանի է ամենախիստ գնահատականի:

«Ինձ համար այդ տեսանյութը ցնցող էր, անսպասելի էր և… Անկախ անձից, անկախ հայրենիքի առջև իրականացվածից սա դատապարտելի է: Դրան արդարացում չկա»,-շեշտեց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս պահին ԱԺ-ն դատախազի միջնորդություն Մանվել Գրիգորյանի մասով չի ստացել: Բայց ՀՀԿ-ն իր դիրքորոշումը անպայման կհայտնի:


Հիշեցնենք, նախօրեին ԱԱԾ-ն հրապարակեց տեսանյութ, որում երևում է, որ Մանվել Գրիգորյանը իրեն պատկանող հանգստյան գոտին վերածել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: