ԱԱԽ քարտուղարը Բելառուսի դեսպանին է հայտնել Երևանի մտահոգությունը
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին և հայտնել հայկական կողմի մտահոգությունը՝ Բելառուսի կողմից Ադրբեջանին Պոլոնեզների վաճառքի կապակցությամբ.
«Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»,- գրել է ԱԱԽ քարտուղարը Facebook-ի իր էջում։
Նշենք, որ հունիսի 11-ին Ադրբեջանն, ըստ էության, առաջին անգամ ցուցադրեց բելառուսական Պոլոնեզների առկայությունը իր ԶՈՒ-ում: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ այդ երկրի ՊՆ-ի հրթիռային զորամասերից մեկի այցելության ընթացքում ցուցադրվել է բելառուսական արտադրության հայտնի «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը: