Ադրբեջանը միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում. ԱԱԽ քարտուղար
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։ Քննարկեցինք վերջին օրերին, առավելապես՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հարկ եմ համարում փաստել, որ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները գտնվում են տարածաշրջանում, ադրբեջանական կողմն իր նման սադրիչ գործողություններով հերթական անգամ խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ջանքերը, ինչպես նաև միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում։
Արցախի Հանրապետության ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր»,- գրել է նա:
Հիշեցնենք, ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ըստ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության` Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր է կազմակերպում, նկատվում են կուտակումներ: