25.11.2024
Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային հանրության համար վիրավորանք է. Ռոհանի
prev Նախորդ նորություն

Թեհրանը Մոսկվային միջուկային գործարքի վերաբերյալ «լուրջ երկխոսության» կոչ է արել

Մոսկվան ու Թեհրանը պետք է ավելի լուրջ երկխոսություն հաստատեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու առնչությամբ:


Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ցինդաոյում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ինչ վերաբերում է այդ համաձայնագրից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուն, այստեղ անհրաժեշտ է ավելի լուրջ և ավելի կարևոր երկխոսություն մեր երկրների միջև»,- ընդգծել է իրանցի առաջնորդը: Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «շատ կարևոր և կառուցողական դեր» է խաղացել միջուկային համաձայնագրի իրականացման գործում:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2015 թվականին Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:


Վաշինգտոնը նաև վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները և պահանջել է, որ Իրանը կտրուկ փոփոխություններ իրականացնի, մասնավորապես՝ դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները և հեռանա Սիրիայից։


Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին օրերս հայտարարել է, որ հրահանգել է պատրաստվել մեծացնել ուրանի հարստացման հզորությունները, եթե միջուկային համաձայնագիրը տապալվի՝ չնայած եվրոպական երկրների կողմից այն պահպանելու ջանքերին: