26.11.2024
Անհրաժեշտ է ապահովել զինպետհամարանիշներով մեքենաների անխափան տեղաշարժերը. ՀՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանի բանագնացները պատգամավորներին հոգեբանական ճնշումների են ենթարկել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո անգամ շարունակում է այցելել Բաղրամյան 26 եւ օրվա ողջ մասն անցկացնում իր նախկին նստավայրում: Ավելին` ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` այս օրերին նույնն է մնացել նաեւ Սերժ Սարգսյանի թիկնազորի թիվը՝ չորս մեքենա եւ մեկ միկրոավտոբուս՝ լցված մինչեւ ատամները զինված թիկնապահներով: Միայն բացակայում են ուղեկցող ՃՈ մեքենաները, եւ Սերժ Սարգսյանի համար այլեւս փողոց չեն փակում. նա աշխատում է երթեւեկել հնարավորինս աննկատ, դե, որպեսզի չերեւա Բաղրամյան 26 իր ելումուտը: Տեղեկությունները ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ն բացահայտ մարտահրավեր է նետել հասարակությանը` ցույց տալով, որ իրենք պատրաստ են խորացնել քաղաքական ճգնաժամը, պատրաստ են գնալ ամենավերջին ստորությունների, առճակատումների` հանուն իշխանությունը եւս մեկ օր պահպանելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք դեմ չեն եղել Փաշինյանի օգտին քվեարկելուն, ենթարկվել են հոգեբանական ճնշումների: Սերժ Սարգսյանի բանագնաց պատգամավորներն իրենց գործընկերներին համոզել են մոտավորապես հետեւյալ խոսքերով. «…այսքան տարի միասին ճանապարհ ենք անցել, չպետք է մեկ օրում եղածն ուրանալ, այլապես կստացվի Սարգսյանի հրաժարականով հիմա թիմն է քանդվում», «մենք նեղ օրվա ընկեր ենք» եւ այլն: Արդյունքում եղավ այն, ինչ եղավ. բացի Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանից, որը կողմ էր քվեարկել ժողովրդի թեկնածուին, մյուս ՀՀԿ-ականները դեմ եղան:


Նիկոլ Փաշինյանն, իհարկե, չի պատրաստվում նահանջել: Հանրապետության հրապարակում ԱԺ հատուկ նիստին հետեւելու համար հավաքված եւ մոտ 10 ժամ իրեն սպասող քաղաքացիների հետ արդեն ուշ երեկոյան հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ այսօրվանից վերսկսվում են զանգվածային բողոքի ակցիաները՝ դասադուլներ, գործադուլներ, փողոցների շրջափակում եւ այլն, ու այսպես այնքան ժամանակ, քանի դեռ դե յուրե չի արձանագրվել ժողովրդի հաղթանակը: Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները ջնջել են սոցիալական ցանցերում իրենց էջերը. պատճառը քաղաքացիների «հարձակումներն» են եղել, երբ ամենավերջին հայհոյանքներով մարդիկ իրենց վերաբերմունքն են արտահայտել ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ականների մասին: Սա պատասխանն էր ԱԺ նիստում նրանց քստմնելի պահվածքի»:

«Հրապարակ»  թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները ողջ երեկո սպասել են, որ ԳՄ-ն ավարտվի, խմբակցության նիստ լինի, մինչեւ ուշ ժամ չեն ասել, տուն են գնացել, հետո շատ ուշ զանգել կանչել են նիստի. քննարկումը տևել է մոտ 40 րոպե:

Հանդիպումն այս անգամ եղել է ներքեւից վերեւ. Սերժ Սարգսյանը ցանկացել է լսել բոլոր պատգամավորներին` մեկ առ մեկ, Նիկոլի հետ հանդիպումից նրանց տպավորությունները։ Բոլորը կարծիք են հայտնել: Միահամուռ եզրակացրել են․ «Նիկոլը չի տիրապետում երկրում առկա իրավիճակին, իրավիճակային որոշումներ է կայացնում»։  Հատուկ կանգ են առել Նիկոլի «արտաքին քաղաքականության» մոտեցումների վրա, գտել, որ վտանգավոր կլինի նման մարդուն այս փուլում երկրի իշխանությունն ու Ղարաբաղի հարցի լուծումը վստահելը: Սերժ Սարգսյանն ասել է՝ եթե այդպես եք գտնում, նշանակում է՝ մենք կողմնակից չենք նրա ընտրությանը, սակայն վերջնական որոշում կկայացնենք ավելի ուշ, երբ Փաշինյանը կներկայացնի իր ծրագիրը:

Հանդիպմանը ներկա են եղել բոլորը, անգամ ցերեկը Փաշինյանի հետ հանդիպմանը չմասնակցածները, բացի Ֆելիքս Ցոլակյանից, որը նաեւ ցերեկվա քննարկմանը ներկա չի եղել: Ինչն էլ արժանացել է Սերժ Սարգսյանի կոշտ արձանագրմանը` ունենք մեկ դասալիք, եւ տվել է Ցոլակյանի անունը: Ի դեպ, խմբակցության հետ առաջին հանդիպման ժամանակ, երբ դեռ քննարկվում էր Կարեն Կարապետյանի առաջադրման հարցը, Ցոլակյանը կարծիք է հայտնել, որ դա ժողովրդավարական շարժում է, եւ պետք է սատարել այդ շարժմանը:

Սկսել են «միտում» տեսնել Ցոլակյանի պահվածքի մեջ՝ «գուցե աբիժնիկ է մնացել, որ ԱԺ նախագահ չնշանակվեց, եւ Նիկոլի կառավարությունում ԱԱԾ պետի պաշտոնին է հավակնում»: Երեկ Ցոլակյանը կողմ է քվեարկել Փաշինյանին՝ դեմ գնալով իր կուսակցությանը։ Կուսակցությունում վրդովված են, որ նա նախապես չի տեղեկացրել իր դիրքորոշման մասին եւ սպասում են նրա հրաժարականի դիմումին»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում կարող է ձևավորվել նոր դաշինք՝ ի դեմս «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի: Այս երկու կուսակցությունները միասին ունեն վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ մեկ երրորդ: Եթե նրանք հանդես գան սեփական թեկնածուով, ապա կարող են ստանալ նաև ՀՀԿ-ի աջակցությունը: Սա կլինի կոնսենսուս՝ հանած «Ելք» դաշինք»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Մոսկվա են մեկնել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Նրանք Ռուսաստանի իշխանությունների հետ քննարկելու են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և փորձելու են լուծել ապագա իշխանության հարցը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ Սահմանադրության՝ 7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու։ Նիկոլ Փաշինյանն այս անգամ կարող է առաջադրվել, եթե ունենա ԱԺ մեկ երրորդի կողմից ներկայացված առաջարկ։ Բայց Հանրապետականը նույնպես կարող է թեկնածու առաջադրել։ Երկրորդ փուլում վարչապետ ընտրվելու համար եւս անհրաժեշտ է 53 ձայն։ Եթե երկրորդ փուլում վարչապետ չընտրվի, խորհրդարանը լուծարվում է, եւ գնում ենք նոր ընտրությունների։ Ըստ ամենայնի, 7 օր ժամանակ կա նոր բանակցությունների, համաձայնությունների համար։ Եվ Հանրապետականը դուռը «բաց» է թողել»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրվանից ուժային կառույցներում հատուկ դրություն է հայտարարված` ոչ միայն սահմանում ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման, այլև ներքաղաքական իրավիճակի հետ կապված: Իշխանությունները լուրջ անհանգստություններ ունեն նաև բանկային համակարգի փլուզման հետ կապված. այս օրերին ավանդատուները բանկերից հանում են իրենց ավանդները, բանկերը կարող են կանգնել լուրջ խնդիրների առաջ, ԿԲ-ն էլ փորձում է անել ամեն ինչ, որպեսզի պահի դոլարի կուրսը, ինչը որոշակի պահից կարող է անհնարին դառնալ, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»: