26.11.2024
Վաղը ժամը 12.00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ Մարիոթ հյուրանոց. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին քաղաքականությանը. Փաշինյան

Ընդդիմության առաջնորդ, ԱԺ պատգամավոր, #ԻմՔայլը նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին քաղաքականությանը:


Այս մասին նա ասել է՝ պատասխանելով «Ազատության» հարցին: Փաշինյանը չի կարծում, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը նշանակում է, որ Ռուսաստանը խախտում է վերջին օրերին դրսևորած չեզոք դիրքորոշումը:


«Ես կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանություն է, որովհետև Ռուսաստանը, ինչպես նաև որևէ ուրիշ երկիր, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»,- ասել է Փաշինյանը:


Ավելի վաղ ՀՀ վարչապետի և Կրեմլի պաշտոնական կայքերում հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, թե որն է եղել Կարապետյանի և Պուտինի խոսակցության թեման. «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը»:


«Ընտրակաշառքով ձևավորված ընտրությունների արդյունքը լեգիտիմ համարելը թյուրիմացություն է»,- ասել է Փաշինյանը:


Հիշեցնենք` Երևանում 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն ժամանակավոր իրականացնում է Կարեն Կարապետյանը։


Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։