Երեկ այս հրապարակում ձեր կողմից ես առաջադրվեցի որպես ժողովրդի վարչապետի թեկնածու: Սա շատ պատասխանատու կարգավիճակ է և, բնականաբար, մենք ակնկալում ենք, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը: Բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք մեկ խնդիր` խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ ՀՀ-ում հաստատված կոռումպացված և հակաժողովրդական համակարգը վերացնելն է: Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա կան տարբեր մեսիջներ, գործարքի առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված և հակաժողովրդական համակարգի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող: Մենք այսպօր հստակ քննարկել ենք մեր մեծ թիմով` ՔՊ, «Իմ քայլը» նախաձեռնություն, «Մերժիր Սերժին» նախաձեռնություն, որ այս կոնտեքստում պաշտոնների բաժանման, որոլտների կիսման մասին որևէ խոսք լինել չի կարող: Եվ ես ուզում եմ ժողովուրդը շատ հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության, որովհետև նաև այն պատճառով, որ այս պրոցեսի գործող, առանցքային անձն է ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը: Եվ որևէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքում: Եվ ես կա’մ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով ու պահանջով, կա’մ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,- հայտարարեց նա:
Թավշյա հեղափոխության առաջնորդը նշեց, որ հստակ է` այս շաժման որևէ արժեք մի միլիմետր անգամ չպետք է տուժի և որևէ քայլ չեն նահանջելու.
«Եվ մենք ակնկալում ենք, որ ԱԺ բոլոր խմբակցությունները ճանաչեն ժողովրդի հաղթանակը անվերապահորեն առանց պայմանների ու նախապայմանների, որովհետև ժողովուրդը հաղթել է և այդ հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե-յուրե»,- ընդգծեց նա:
Նա կոչ արեց հավաքել ու կենտրոնացնել ուժերը մայիսի 1-ին ընդառաջ, երբ ԱԺ-ն վարչապետ պիտի ընտրի: Այդ օրը, հայտարարեց Փաշինյանը, Հայաստանի ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով.
«Ես ՀՀ վարչապետի պաշտոնը կստանձնեմ միայն այնպիսի պայմաններում, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն կզգա ՀՀ վարչապետ. ուրիշ տարբերակ չկա»:
Անդրադարձավ նաև բանակցությունների նախորդ փուլին, որը ձախողվեց: Փաշինյանը նշեց, որ այդ օրերին ՀՀԿ-ականներն ասում էին, որ Կարեն Կարապետյանն իրենց չի ներկայացնում, բայց հիմա որոշել են նրան լիազորել, որպեսզի բանակցի իր հետ.
«Մենք այդ որոշումը ընդունում ենք ի գիտություն և պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր օրակարգի շրջանակներում: Եվ ես վաղը ժամը 12.00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ Մարիոթ հյուրանոց` սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը: Բայց մենք ունենք կոնկրետ պայման` բանակցությունը պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ ենք քննարկում: Մենք ՀՀԿ հետ փակ դռների ետևում չենք բանակցելու, բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետև ժողովուրդը իշխանություն է և մեր ղեկավարն է»,- հավելեց նա:
Երևանում հանրահավաքները առժամանակ դադարեցվում են. դրանք տեղափոխվում են Գյումրի և Վանաձոր: Վաղը ժամը 15.00-ին մեկնարկելու է ավտոերթ դեպի Գյումրի, իսկ հաջորդ օրը նույն ժամին ավտոերթ դեպի Վանաձոր ու Ապարան: Նաև հորդորեց նրանց, ովքեր այս օրերի ընթացքում հոգնել են, հանգստանան այս երկու օրը` կինո նայեն, հանգստանան, որովհետև արդեն մի քանի օրից մեկնարկելու են ակտիվ գործողություններ: Իսկ դրանց ծրագիր, հավաստիացրեց Փաշինյանը, իրենք ունեն: