Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը մեկնաբանել է ընդդիմադիր «Քաղաքացիական պայամանգիր» կուսակացության առաջնորդ, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի վերաբերյալ Փաշինյանի տեսակետը։
«Ռադիոլուրի» հաղորդմամբ, նա հերքել է մեղադրանքներն առ այն, որ ռադիոն չի լուսաբանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդդիմության բողոքի ակցիաները։ «Քո խոսքերը և քո գրավելը ցույց են տալիս, որ ոչ դու, ոչ էլ քո հետևորդները չեք լսում Հանրային ռադիոյի եթերը, որովհետև մենք բոյկոտի չենք ենթարկել ձեր շարժումը և լուսաբանել ենք ամեն ինչ», - Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը փոխանցեց Մարկ Գրիգորյանը։
Գրիգորյանը նշել է նաև, որ Փաշինյանի հետ զրույցում, մեկնաբանելով Հանրային ռադիոյի շենքը ներխուժելը, ասել է, թե «Դա նույնն է, որ բողոքելով դեղատան դեմ՝ գնաս հացի խանութը գրավես»։
Ապրիլի 14-ին «Իմ քայլը» ու «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները ներխուժել են Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով եթեր տրամադրել հանրահավաքի մասին հայտարարություն հնչեցնելու համար։ Միաժամանակ նրանք հայտարարել են, որ գործողությամբ բողոքն են հայտնում Հանրային ռադիոյի, Հանրային հեռուստատեսության ու այլ հեռուստաալիքների եթերում իրենց ակցիաների «տեղեկատվական բլոկադի» դեմ։
Ռադիոն հրաժարվել է ուղիղ եթեր տրամադրել՝ փոխարենն առաջարկելով Փաշինյանին հարցազրույց 19։00-ին ուղիղ եթերում, սակայն նա մերժել է առաջարկը։ Պատգամավորը կարդացել է կոչը ռադիոեթերի համար նախատեսված սենյակից՝ այլ լրատվականների եթերում, ու հեռացել։
Մինչ այնդ նրանք ներխուժել էին նաեւ Երեւանի պետական համալսարանի տարածք եւ կոչ արել ուսանողներին՝ դուրս գալ դասադաուլի ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Երկու դեպքով է ոստիկանությունում գործ է նախապատրաստվում։
ՀՀ Ոստիկանությունն ու Գլխավոր դատախազությունը հանդես էին եկել հայտարարություններով: Խոսելով ապրիլի 13-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենք մուտք գործելու մասին՝ դատախազությունը նշել էր, որ ցուցարարները փորձել են դռները վնասելով մտնել Համալսարանի ռեկտորի աշխատասենյակ: «Այդ ընթացքում հավաքի մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ են պատճառվել Համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Տևական ժամանակ գտնվելով ԵՊՀ շենքում՝ հավաքի մասնակիցներն իրենց գործողություններով խախտել են Համալսարանի բնականոն գործունեությունը», - նշվում է հայտարարությունում:
Ապրիլի 14-ին՝ Հանրային Ռադիոյի մասնաշենք ներխուժելու առնչությամբ, նշվում է, որ ցուցարարները ջարդել են ռադիոյի դռներից մեկը։ Ավելի ուշ ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից և «ազատել զավթված շենքը»:
«Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին՝ դրանով չկատարելով հավաքի բնականոն ընթացքն ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը», - մասնավորապես, նշվում է հողորդագրությունում: