Արցախի ինքնորոշմանը սատարեցին ռուս մտավորականության ներկայացուցիչները. Մայիլյան
Ապրիլի 5-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին։
Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՄ-ի մամուլի ծառայությունից, իր ելույթում Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի եւ նրա անցած ազգային վերածննդի ուղու կարեւորությունը։
Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արցախյան ազատագրական շարժումը, որը միավորել է Արցախը, Հայաստանը եւ հայկական սփյուռքը ընդհանուր գաղափարների եւ սկզբունքների շուրջ, վերաճել է համահայկական պայքարի՝ ի պաշտպանություն իրավունքների եւ ազատությունների, եւ կանխորոշել է ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։ Այն դարձել է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաճակատագրական իրադարձությունը, որի արդյունքում աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեցին 2 անկախ հայկական պետություններ։
Մասիս Մայիլյանը նաեւ ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարած ռուս մտավորականության ներկայացուցիչների ներդրումը` նշելով, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում նրանց հիշում են հատուկ երախտագիտությամբ:
Միջոցառմանը տեղի է ունեցել լրագրող Ազա Բաբայանի՝ Արցախում նկարահանված «Յակովի հողը» ֆիլմի ցուցադրությունը եւ նկարիչներ Յուրի Գրիգորյանի եւ Յուրի Գրիգորյան-կրտսերի աշխատանքների ցուցադրությունը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «Ղարաբաղյան շարժման 30-ամյակ» հուշամեդալներ է հանձնել Ազա Բաբայանին, Յուրի Գրիգորյանին եւ Յուրի Գրիգորյան-կրտսերին։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել ֆիլմի հեղինակներին եւ Գրիգորյանների գերդաստանի ներկայացուցիչներին։
Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, Պետդումայի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի պատգամավորներ, լրագրողներ, փորձագետներ, ինչպես նաեւ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։