Նախագահական ընտրություններն Ադրբեջանում, Սերժ Սարգսյանի նախագահության ավարտը Հայաստանում, ինչպես նաև ԱՄՆ և ՌԴ համագործակցությունը կարող են պայմաններ ստեղծել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, կարծում են փորձագետները:
2016-ին Ղարաբաղում ռազմական գործողություններին նվիրված կլոր սեղանի մասնակիցները համամիտ էին, որ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ նախկինի պես կա, գրում է Deutsche Welle-ն:
«Մենք երբեք այնքան հեռու չենք եղել խաղաղ համաձայնագրից, որքան այսօր: Ես մինչ օրս շատ բարձր եմ գնահատում նոր պատերազմի հավանականությունը»,-ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության 2016-ի սրացումից 2 տարի անց, գրում է պարբերականը՝ նշելով, որ Շահնազարյանը 1990-ականներին եղել է ՀՀ կառավարության անդամ, իսկ հետո պատգամավոր, գրում է PanARMENIAN.Net-ը:
Միջոցառումն անցկացվել է ապրիլի 4-ին Բրյուսելում եվրոպական EPC վերլուծական կենտրոնի կողմից:
Նշվում է, որ նման մտավախությունների համար պատճառները քիչ չեն՝ կողմերը ոչ միայն հզորացրել են իրենց ռազմական ներկայությունը շփման գծում, այլ նաև ուժգնացնում են ռազմատենչ տրամադրություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հանրության շրջանում: Սակայն, ոչ բոլորն էին հոռետեսորեն տրամադրված, ասվում է հոդվածում:
Բրիտանական վերլուծական LINKS կենտրոնի տնօրեն Դենիս Սամութը խաղաղ բանակցություններում առաջընթացի հնարավորություն տեսնում է: Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ Հայաստանի և Ադրբեջանի ներսում, ինչպես նաև միջազգային ասպարեզում:
Ըստ փորձագետների, թեև իրավիճակը միջազգային ասպարեզում բարենպաստ չէ, հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների բարդ հարաբերությունները մի շարք հարցերում, այնուամենայնիվ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան փոխըմբռնում ունեն ԼՂ կարգավորման հարցում:
Ըստ քաղաքագետ Անդրեյ Մակարիչևի, որը դասավանդում է Տարտուսի համալսարանում, Մոսկվայի գլխավոր շահը ստատուս քվոն պահպանելն է՝ ուստի նա փորձում է զսպել Բաքվին, որ ռազմական լուծման չգնա, իսկ Երևանին ՌԴ իշխանությունները փորձում են հասկացնել, որ ռուսական զորքերն այդ երկրում կգործեն միայն, եթե սպառնալիք լինի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքին: Նաև, ըստ փորձագետի, Մոսկվան ձգտում է զերծ պահել Երևանին չափազանց շեշտված արևմտյան կողմնորոշումից:
Crisis Group-ի անդամ փորձագետ Զաուր Շիրիևն իր հերթին ասել է, որ եթե հաջորդ սրացումը լինի, այն ավելի ծավալուն կլինի: Ըստ նրա, 2016-ի ապրիլին մարտերը սահմանափակ էին ինչպես տարածքային առումով, այնպես էլ գործարկված զինտեխնիկայի և զորատեսակների կազմով: «Հաջորդ սրացումն ավելի ավերիչ կլինի»,-ասել է նա:
Ապրիլի 9-ին կավարտվի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, սակայն, ակնկալվում է, որ նա կպահպանի իշխանությունը շնորհիվ 2015-ի սահմանադրական բարեփոխումների, որոնց համաձայն իշխանությունը կկենտրոնանա վարչապետի ձեռքում: Ադրբեջանում ապրիլի 11-ին կկայանան նախագահի ընտրություններ, որոնք 2018-ի աշնանից Ալիևի հրամանագրով տեղափոխվեցին ապրիլ: Ակնկալվում է, որ Իլհամ Ալիևը կրկին կվերընտրվի և արդեն 4-րդ անգամ կստանձնի իշխանությունն արդեն ոչ թե 5-ամյա, այլ 7-ամյա ժամկետով: