ԱՄՆ-ն ընդունում է, որ պետք է վերացնել Հայաստանի հետ կրկնակի հարկման ռեժիմը
Միացյալ Նահանգների գանձապետ Սթիվ Մնուչին, պատասխանելով հավաքին ներկա Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանի հարցմանը՝ ընդունել է, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ՝ առեւտրի եւ ներդրումների վրա դրված տուրքերի մասին ավելի արդիական համաձայնագիրը նպաստավոր պետք է լինի երկու կողմերի համար:
Նման կարծիք նա հայտնել է փետրվարի 26-ին, Լոս-Անջելեսում Համաշխարհային հարցերով խորհրդի կազմակերպած միջոցառման ընթացքում՝ պատասխանելով հավաքին ներկա Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանի հարցմանը։ Մնուչին նաեւ վերահաստատել է նախապես արտահայտած իր համոզմունքը, որ Հայաստանը կրկնակի հարկումից զերծ պահելու նպատակով նոր համաձայնագիր կնքելուն պատրաստ է ինքը, հայտնում է «Asbarez»-ը:
Հիշեցնենք, որ կոնգրեսականներ Դեյվիդ Վալատոուն եւ Բրեդ Շերմընը ձեռնարկելէին ստորագրահավաք, որի նպատակն էր իրենց աջակցությունն ապահովել՝ Հայաստանը կրկնակի հարկումից զերծ պահելու եւ ժամանակակից համաձայնագիր ստեղծելու գաղափարի համար։ Ստորագրահավաքին մասնակցել են 30 կոնգրեսական՝ հայտնելով աջակցություն:
Կոնգրեսականներն իրենց նամակում շեշտել են, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի առեւտուրը ներկայում իրագործվում է Խորհրդային Միության օրերից մնացած համաձայնագրի դրույթներով, որը բացարձակ չի արտացոլում 2 երկրների միջեւ բարեկամությունը եւ վնասում է միայն այդ հարաբերություններին:
Արդեն տեւական ժամանակ է Հայաստանն ու ԱՄՆ-ն այդ հարցի շուրջ բանակցում են, սակայն ամերիկյան կողմը համաձայնագիր կնքելու հարցում էական շահագրգռություն չի ցուցաբերում: Անցյալ տարի, անդրադառնալով այս հարցին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հոկտեմբերին կրկին այդ հարցը օրակարգ են բերելու: Նա հիշեցրել էր, որ Իսրայելի հետ է Հայաստանը ստորագրել կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր:
Ընդհանուր առմամբ, նախարարի տվյալներով, արդեն 46 երկրի հետ ՀՀ-ն ունի կնքած այդպիսի համաձայնագիր: