Իշխող Հանրապետական կուսակցությունն արդեն բաց տեքստով հայտարարում է, որ քաղաքական ուժի ու Սերժ Սարգսյանի անձնական պատկերացումներն երկրի ապագա վարչապետի իշխանության թեկնածուի վերաբերյալ կարող են չհամընկնել, սակայն Սարգսյանը պետք է ենթարկվի կուսակցության որոշումներին:
Այլ կերպ ասաց, կուսակցությունը Սերժ Սարգսյանի կամքին հակառակ կարող է որոշել, որ հենց նա այս տարվա ապրիլից հետո, երբ ավարտվի Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը եւ քաղաքական համակարգն ամբողջապես անցնի կառավարման խորհրդարանական մոդելին, պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը:

2014 թվականին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»: Այս տեքստը կարգալուց հետո ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե արդյոք լուրջ են վերաբերում ՀՀԿ-ում տվյալ հայտարարությանը:

«Բնականաբար, ես լուրջ եմ վերաբերվում ՀՀ նախագահի յուրաքանչյուր հայտարարության, բայց պետք է ի նկատի ունենաք, որ մենք հավակնություններով և ցանկություններով առաջ չենք շարժվում: ՀՀԿ-ն այսօր վերցրել է երկրի և ժողովրդի պատասխանատվությունը, և մենք պետք է գտնենք, թե ով է նպատակահարմար այդ ղեկը ստանձնել, և ոչ թե պետք է շարժվենք, թե ով ինչ հավակնություն ունի: Տվյալ պարագայում՝ Սերժ Սարգսյանը, բացի ՀՀԿ-ի առաջնորդը լինելուց, շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին», - ի պատասխան ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Փաշինյանն այնուամենայնիվ ճշտեց՝ նշանակո՞ւմ է արդյոք, որ Սերժ Սարգսյանի հետագա հայտարարությունների իսկությունը պարզելու համար «մենք պետք է նրանից տեղեկանք վերցնենք, թե արդյոք նա՝ որպես ՀՀԿ-ի շարքային անդամ, այդ հայտարարությունը համաձայնեցրե՞լ է կուսակցության հետ, թե՞ ոչ»: Բաղդասարյանի պատասխանը կարճ էր ու պրոտոկոլային. «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ազատ է իր հայտարարությունների մեջ, բայց յուրաքանչյուր պարկեշտ քաղաքական գործիչ պարտավոր է ենթարկվել քաղաքական որոշումներին»:
Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ժամանակ մի քանի անգամ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներին հարց ուղղեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերաբերյալ նրա արած հայտնի հայտարարության վերաբերյալ: Նույն հարցով նա դիմեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, որին կոալիցիոն «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են որպես Բարձրագույն դատական խորհրդի առաջին անդամի թեկնածու:

Նա հիշեցրեց, որ Գագիկ Հարությունյանը մասնակցել է 2014 թվականին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, որի ժամանակ էլ Սարգսյանը խոսել է վարչապետի ու նախագահի հավակնություններ չունենալու մասին: «Լո՞ւրջ էր ասում սա, թե՞ հումորային էլեմենտներ կային, կամ սեղանի տակից՝ «թխի գա», և այլն», - հարցրեց Փաշինյանը:
Հարությունյանի խոսքով, Սերժ Սարգսյանն հայտարարություններում անլրջություն չկա: «ՀՀ նախագահի հետ ունեցած իմ բոլոր հանդիպումների ժամանակ չի եղել մի դեպք, որ ՀՀ նախագահն իր խոսքն ասի կատակով կամ անլրջությամբ: Նաև այդ օրն այդ խոսքը հնչեցնելիս՝ նման որևէ բան չի եղել, նախագահն ասել է իր կարծիքը», - ասաց Գագիկ Հարությունյանը: