Թուրքիայի պահանջով Պրահայում ձերբակալել են Սիրիայի քրդերի առաջնորդներից Սալիհ Մյուսլիմին
Փետրվարի 24-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ձերբակալել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) համանախագահ Սալիհ Մյուսլիմին:
Սիրիայի քրդերի առաջնորդը համարվող գործիչը ձերբակալվել է Թուրքիայի պահանջով: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Քրդական կառույցից հայտնել են, որ Մյուսլիմը որպես Սիրիայի լիարժեք քաղաքացի, պաշտոնական այցով մեկնել էր Եվրոպա: Թուրքական «ԱՆադոլուի» տվյալներով՝ Պրահայում Մյուսլիմին ձերբակալել է Ինտերպոլի Չեխիայի բյուրոն, գրում է Ռազմինֆոն:
Թուրքական կողմը քուրդ գործիչին մեղադրում է «ահաբեկչական կառույցի անդամակցելու», ինչպես նաև՝ անգամ 2016 թ. Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեջ:
Սիրիայի քրդերի PYD կառույցը այդ երկրում քրդական խոշորագույն կառույցն է: Փաստացի հենց PYD-ին է ենթարկվում քրդական խոշորագույն զինուժը Սիրիայում՝ «Ժողովովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Թուրքական կողմի դիրքորոշումը հետևյալն է. «Այդ կառույցը նույն «Քրդստանի աշխատավորական կուսակցությունն է» (PKK), հետևաբար՝ ահաբեկչական»:
Թուրքիան արդեն իսկ դիմել է Չեխիային՝ պահանջելով արտահանձնել Մյուսլիմին:
Քրդական ANF News գործակալությունը հիշեցնում է, որ Մյուսլիմը մինչ այս բազմիցս այցելել է Եվրոպա, հանդիպել տարբեր գործիչների հետ, անգամ 2014 թ. Թուրքիա է այցելել, հանդիպել այդ երկրի ղեկավարությանը, սակայն այդ ժամանակ «Ոչ ոք չէր ասում, որ նա ահաբեկիչ է»: