25.11.2024
Թուրքիայի պահանջով Պրահայում ձերբակալել են Սիրիայի քրդերի առաջնորդներից Սալիհ Մյուսլիմին
prev Նախորդ նորություն

Թուրքիան հատուկ նշանակության զորքեր է ուղարկել Աֆրին

Թուրքական կողմը հատուկ նշանակության զորքեր է ուղարկել Աֆրին` քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու և տարածաշրջանում զինված օպերացիան հաջողությամբ ավարտելու համար: Այս մասին NTV-ին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

«Հատուկ նշանակության մեր ուժերն ուղարկվել են Աֆրին, որպեսզի պաշտպանենք քաղաքացիներին և ապահովենք օպերացիայի հաջող ավարտը», - ասել է Բոզդաղը: Նրա խոսքով՝ թուրքական կողմի օդային հարվածները քրդերի դիրքերի ուղղությամբ ևս կշարունակվեն:


Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել անհապաղ հրադադար հաստատել Սիրիայի ողջ տարածքում, նախեւառաջ՝ Դամասկոսից ոչ հեռու գտնվող Արեւելյան Գուտայի շրջանից վիրավորների տարհանում իրականանցելու նպատակով: Նման որոշում էր կայացրել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:


Այնուհետեւ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ էր արել սիրիական հիմնախնդրի շուրջ Աստանայի բանակցություններում որպես երաշխավոր հանդես եկած կողմերին երաշխավոր լինել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում մեկամսյա զինադադարի որոշումը կյանքի կոչելու հարցում։


Նա նման պատասխան էր տվել այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի ԱԽ-ի այս որոշումը վերաբերում է նաև Աֆրինին, որտեղ հունվարի 20-ից ռազմական գործողություն է իրականացնում թուրքական ԶՈւ-ն: «Աստանայում ընդհանուր համաձայնության եկած երկրներն ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պետք է պատասխանատու լինեն ու որպես երաշխավոր հանդես գան Սիրիայում զինադադարի ռեժիմի լիիրավ կյանքի կոչման համար՝ չնպաստելով լարվածության է՛լ ավելի մեծ աճին», - ասել էր նա:


Նշենք, որ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վրա ՄԱԿ-ի ԱԽ-ի նոր որոշումը չի ազդի: Բոզդաղը դա բացատրել է այն հանգամանքով, որ Սիրիայում մեկամսյա հրադադարի որոշումն իրենց վրա չի տարածվում, քանի որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի հյուսիսում պայքարում է ահաբեկչության դեմ:


Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո` հունվարի 21-ին, թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: