23.11.2024
Զինվորական հոսպիտալում ՀՀ ԶՈւ զինծառայող է  մահացել
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՀՅԴ-ն բոյկոտում ու հաճոյանում է Կարեն Կարապետյանին, ինչո՞ւ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կիրակի օրը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում հավաքել է կառավարության անդամներին: Կարապետյանի հրավերը բոյկոտել է գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը, բայց բացը լրացրել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ միջոցառման մասնակիցների հավաստիացումների՝ Լոքյանը այնքան է հաճոյացել Կարապետյանին, որ ոմանց մեջ ցանկություն է առաջացել րոպե առաջ լքել տարածքը՝ այդ քստմնելի տեսարանից ազատվելու համար»:


Նույն թերթը գրում է. ««Ժամանակ»-ի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Ղարաբաղ կատարած այցն ամենեւին էլ պատահական չէր: Քոչարյանը ինֆորմացված է, որ Ղարաբաղի իշխանական վերնախավում եւս լուռ դժգոհություն կա նախագահ Սերժ Սարգսյանից: Քոչարյանը համոզված է, որ այդ դժգոհությունը մի պահի կարող է այնպիսի կրիտիկական դրսեւորում ստանալ, որը իրեն կրկին կբերի իշխանության: Ի վերջո, այսօրվա իշխանական էլիտան թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում չի փոխվել, եւ Քոչարյանը համոզված է, որ այդ էլիտան իրեն ավելի կոմֆորտ է զգացել իր, քան Սերժ Սարգսյանի իշխանության օրոք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Անցնող 10 տարիներին այդպես էլ հնարավոր չեղավ երեք նախագահներին գոնե Հայաստանի համար կենսական միջոցառումների ժամանակ միասին տեսնել: Տեւական ընդմիջումից հետո նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Ստեփանակերտում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությանը: Նա, ինչպես պատմում են մասնակիցները, եղել է բավականին անկաշկանդ, բարեւել-խոսել, որպիսություն է հարցրել բոլորից, անգամ` իր երբեմնի ընդդիմախոս, իր առնչությամբ Հաագայի դատարան դիմելու կողմնակից Դավիթ Շահնազարյանից: Ինչպե՞ս գտաք Ռոբերտ Քոչարյանին, բավականին ժամանակ նա գրեթե շփում չուներ քաղաքական իսթեբլիշմենթի հետ՝ հարցրինք տոնակատարության մասնակից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանին։


«Նրա քայլը գնահատեցի խիստ դրական, հետաքրքրվեցինք միմյանց որպիսությամբ։ Կարծում եմ` Շարժման հետ կապված հարցերում բոլորը պետք է քարն իրենց փեշից թափ տան ու մեկտեղվեն։ Ես հույս ունեմ` մի օր դա կլինի»: Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես հրավիրված է եղել Ղարաբաղ, բայց չի մեկնել, անգամ չի մասնակցել Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կազմակերպած միջոցառմանը: Հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանն այդ օրը չէր մեկնել Ղարաբաղ, ինչպես մյուսները, նախագահական մեր աղբյուրներն ասացին. «Տոնակատարության ֆորմատը որոշվել է հետեւյալ կերպ. հիմնական միջոցառումները կլինեն Ղարաբաղում` պարգեւատրումներ, մեծ շուքով համերգ` Ստեփանակերտի հրապարակում, իսկ Սերժ Սարգսյանը հանդես կգա ուղերձով, որը, ի դեպ, հասավ իր նպատակին` բոլոր առումներով. Ադրբեջանի ԱԳՆ-ն շատ ցավոտ արձագանքեց դրան»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ուղեւորափոխադրում իրականացնող «Լիգա» ընկերությունը մրցակցությունից դուրս է թողել «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությանը: Երկու ընկերությունն էլ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարած մրցույթներին մասնակցել են տարիներ առաջ, հաղթող են ճանաչվել եւ հանդիսանում են Երեւան-Արտաշատ երթուղու շահագործողները: Առաջինը սպասարկում է «452» համարի երթուղին, երկրորդը՝ «451» համարը:


Ինչպե՞ս է նախկին վարչապետի անվան հետ կապվող ընկերությունը «սպանում» մրցակցին, ի՞նչ մեթոդներ են կիրառվում, «Հայկական ժամանակ»-ին պատմել է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբջանյանը: Նա ասել է, որ «Լիգա»-ն թույլ չի տալիս, որ «Գալակտիկա տրանս սերվիս»-ի մեքենաները մտնեն Արտաշատի ավտոկայան: «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը դիմել է «Հայավոտկայան» ՓԲԸ-ի ղեկավարին եւ պահանջել է նոր չվացուցակ տրամադրել, սակայն մերժվել է: Դրանից հետո խնդրել է, որ Արտաշատի ավտոկայանի տարածքի տաքսիները եւ այլ մեքենաները հանեն, որ «452» համարի երթուղայինները կարողանան մտնել ավտոկայան: Ապի դիմել է նախարար Վահան Մարտիրոսյանին, սակայն որեւէ պատասխան չեն ստացել: Առաջիկայում այս հարցով լուրջ ու թեժ զարգացումներ են սպասվում՝ ընդհուպ մինչեւ դատական ատյաններում»:


Նույն թերթը գրում է. ««Տարոն Ավիա» ավիաընկերությունը վերջին թռիչքը Երեւանից իրականացրել է նոյեմբերի 14-ին, իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա վերջին թռիչքը եղել է դեկտեմբերի 31-ին: Դրանից հետո, առանց հատուկ հայտարարությունների հայկական ավիաընկերությունը հեռացավ ե՛ւ Գյումրիից, ե՛ւ Երեւանից: Թե իրականում ինչու մեծ ոգեւորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած սեփականատեր Գառնիկ Պապիկյանը որոշեց դադարեցնել իր գործունեությունը հստակ չէ: Պաշտոնապես չի ասվում, սակայն շրջանառվում է «Պոբեդա»-ի կողմից դեմպինգի կիրառումը:


Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարանում նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ խոսելով «Տարոն Ավիա»-ի թռիչքների ընդհատման մասին, ընդգծեց, որ դեմպինգ տերմինը պետք է շատ զգույշ կիրառել: «Պապիկյան Գառնիկի հետ խոսել եմ, պետք է նա գա, ավելի մանրամասն քննարկենք: Հստակ պետք է հասկանալ, «Պոբեդան» գինն իջեցրել է շահութաբերությա՞ն հաշվին, թե՞ իսկապես դեմպինգի է գնացել, որովհետեւ, եթե շահութաբերության հաշվին է իջեցրել, մի մոտեցում պետք է լինի, եթե դեմպինգ է, դա արդեն ուրիշ խնդիր է»: Բայց եթե «Տարոն Ավիա»-ն կասկածներ ունի, որ «Պոբեդան» իր դեմ դեմպինգ է կիրառել, պետք է դիմի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին»,-ասել է նա»:


«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կես ժամ անց տաքսու վարորդն իր հեռախոսով ինձ ցույց էր տալիս միջադեպի տեսագրությունը՝ ՀՀԿ-ականների հասցեին համապատասխան մեկնաբանություններով: Խոսքս տվյալ դեպքում այն մասին չէ, որ մեր քաղաքացիները 25 (եթե ոչ ավելի) տարիների ընթացքում ձեւավորել են որոշակի կարծրատիպեր եւ պատրաստ են ընկալել միայն այն տեղեկատվությունը, որը հաստատում եւ ամրապնդում է այդ կարծրատիպերը:


Խոսքն այս պարագայում տեղեկատվության մատչելիության եւ արագ տարածման մասին է, որը, ինձ թվում է, մեր կյանքում տեկտոնիկ փոփոխությունների սկիզբն է: Այդ սրընթաց զարգացումները պետք է հաշվի առնեն բոլորը: Մարդը, որը իրադարձությունից րոպեներ անց տեղեկացել է իրեն հետաքրքրող իրադարձության մասին, երեկոյան չի գնա տուն, միացնի հեռուստացույցը եւ նայի, թե ում է ընդունել նախագահը, եւ ինչ խորհրդակցություն է անցկացրել վարչապետը: Նա, ըստ ամենայնի, կգնա տուն եւ նույն հեռախոսով կամ համակարգչով կփնտրի նույն ծեծկռտուքի այլ կետերից նկարահանված տեսագրությունները, ինչպես նաեւ գուցե կփնտրի տեսակետներ, որոնք հաստատում են իր՝ տարիներով ձեւավորված ընկալումները:


Խորհրդարանում, ավագանիում եւ ամենակարեւորը՝ ընտրությունների ժամանակ եղանակ ստեղծող «գողականներն» ու «կիսագողականները» նույնպես այդ ամենը պետք է հաշվի առնեն: Հիշո՞ւմ եք, վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանը սպառնացել էր «Առավոտի» կին լրագրողին՝ որ «մռութը ջարդի»: Ոստիկանությունն, իհարկե, կոծկել էր այդ գործը, եւ սույն անձնավորությունը որեւէ պատասխանատվության չի ենթարկվել:


Բայց Արայիկը պետք է իմանա, որ տեսագրությունը կա, այն պահպանվելու է հավերժ եւ հասնելու է նրա երեխաներին, թոռներին ու ծոռներին: Ճիշտ նույն ձեւով ավագանու գողական (կամ կիսագողական) անդամները, որոնք վեց հոգով հարձակվել էին մի կնոջ վրա, անկախ նրանից, թե ինչպիսին է այդ կնոջ վարքը, պետք է գիտակցեն, որ նրանց ամեն շարժում արձանագրված է տեսագրության մեջ ու հասանելի է հարյուր հազարավոր մարդկանց:


Պարզ է, որ, հաշվի առնելով մեր իրավապահ համակարգի «առանձնահատկությունները», ավագանու հիշյալ անդամներին նույնպես կհաջողվի խուսափել պատասխանատվությունից: Բայց նոր՝ թվային դարաշրջանը նրանց ոչ մի հնարավորություն չի տալիս թաքցնելու իրենց դաստիարակության եւ ինտելեկտի, մեղմ ասած, արատները: Եվ դրանց մասին նույնպես կիմանան հաջորդ սերունդները, որքան էլ փորձեն լրագրողների աշխատանքը «կանոնակարգել»: Իդեալական տարբերակն, իհարկե, այն է, որ այդ մարդիկ նստեն: Բայց եթե նույնիսկ չնստեն, միեւնույն է՝ նրանք կամ նրանց նմանները պետք է որ հասկանան, որ իրենց դաստիարակության ու կրթության առանձնահատկություններն ամեն ժամ եւ ամեն րոպե հայտնվում են տեսանյութերում: Այդպիսին է ներկայիս ժամանակահատվածի առանձնահատկությունը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նոր բիզնես պրոյեկտ են մտմտում: Նրանց ցանկանում են Երեւանի բժշկական համալսարանից խլել օրդինատուրան եւ տեղավորել որեւէ հիվանդանոցի թեւի տակ՝ վերածելով սեփական բիզնես կենտրոնի: Այս պրոյեկտի իրականացւոմը հղի է ոչ միայն տասնյակ եւ հարյուրավոր դասախոսների գործազրկությամբ, այլ նաեւ երիտասարդ մասնագետների պատրաստման որակի էական անկմամբ: Հանուն հանրության առողջության՝ սրանց երկուսին էլ պետք է հնարավորինս հեռու պահել առողջապահությունից, քանի որ Բաբլոյանին ու Ալթունյանին փողից բացի այս կյանքում ուրիշ որեւէ բան չի հետաքրքրում»: