VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում հրապարակվել է նախորդ տարվա 3–րդ եռամսյակում գրանցված գործազրկության եւ զբաղվածության մակարդակների վերաբերյալ ցուցանիշները: 2017 թ. երրորդ եռամսյակում հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը 2016 թվականի համեմատ նվազել է՝ կազմելով 16,5%: 2016 թ. այդ ցուցանիշը կազմել է 18%: «Փաստը» ԱՎԾ տվյալներից տեղեկանում է, որ 2017թ. հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 76700 մարդ: 2016 թվականի համեմատ այս ցուցանիշը եւս նվազել է՝ 2016 թ. այն կազմել է 79200 մարդ: Ինչ վերաբերում է 2017 թ. զբաղվածության մակարդակին, ապա անցած տարվա երրորդ եռամսյակում այն կազմել է 52,9%: 2016 թ. համեմատ այս ցուցանիշն ավելացել է: 2016 թ. զբաղվածության մակարդակը կազմել էր 50%: 2017 թ. 3–րդ եռամսյակում զբաղվածների ցուցանիշը կազմել է 1032800 մարդ, իսկ 2016 թվականին՝ 1006200»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում տիրող անմխիթար վիճակն էր: Ընդ որում, ինչպես հետո պարզվեց, այս տարածքը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում. այդպես է պնդում Նուբարաշենի թաղապետ Արթուր Կիրակոսյանը: Այլ կերպ ասած` տեղի ունեցածի պատասխանատուն ոչ միայն քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, այլև Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց թաղապետի հայտարարագիրը. պատկերը բավական տպավորիչ է: Նա հայտարարագրել է անհատական բնակելի մեկ տուն` իր տնտեսական շինություններով, մեկ հողամաս և մեկ հատ «Lexus LS 460 L» մակնիշի ավտոմեքենա: Թաղապետի դրամական միջոցները կազմում են 48 մլն դրամ, 72 հազար դոլար և 158 հազար եվրո: Փաստորեն, թաղապետն ապրում է ճոխության մեջ, իսկ բնակիչները ստիպված են յոլա գնալ կոյուղաջրերի գարշահոտության պայմաններում»:
Նույն օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ ներսում խիստ բացասաբար են ընդունել Երեւանի ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրենց կուսակիցների պահվածքը: Ավելին՝ ՀՀԿ-ականներից ոմանք զայրացած են հենց Տարոն Մարգարյանի վրա՝ նշելով, որ «դեմներն առեք, շուտ» հրահանգով նա սադրեց միջադեպը, նպաստեց կրքերի լարմանը: Պատահական չէ, որ երկու օր է՝ ՀՀԿ-ականները չեն փորձում արդարացնել Մարգարյանին, ինչպես նախկինում անում էին: Ավելին՝ ՀՀԿ ԳՄ անդամներից Սամվել Ֆարմանյանն ասել է, թե բռնության փորձերն անընդունելի են, հատկապես քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից: Երեկ միջադեպը քննարկվել է նաեւ ՀՀԿ գործադիր մարմնի գիշերային նիստում: Դարձյալ Տարոն Մարգարյանին արդարացնողները քիչ են եղել: Միայն ասվել է, որ անթույլատրելի էր կոյուղաջուրը ավագանիների վրա շաղ տալը: Բայց մյուս կողմից էլ եթե Արթուր Գեւորգյանն ու Սուրեն Ներսիսյանը չթափահարեին Մարինա Խաչատրյանի ձեռքը, դժվար թե իրավիճակն այդ աստիճան լարվեր»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ին հասած տեղեկություններով՝ ոստիկանությունը շարունակում է հատկապես մարզերում ուժեղացված ծառայություն իրականացնել: Ոստիկանության բաժիններում աշխատակիցներին հանձնարարել են ցուցաբերել մեծ աչալրջություն: Ուշադրության կենտրոնում են կասկածելի արտաքինով անձինք, եւ բոլոր նրանք, որոնք վարձով վարձով բնակարան են փնտրում: Թաղային ոստիկանները ստուգում են, թե ովքեր են շենքում նորեկները, որտեղից են եկել ու ինչու են բնակարան վարձակալել: Ի դեպ, ըստ լուրերի, ենթադրյալ ինչ-ինչ խմբավորումներ մտել են ՀՀ տարածք, իսկ նրանց մի մասն անցել է Վրաստան»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը փորձում է օգտագործել իշխանությանը շողոքորթելու յուրաքանչյուր առիթ: Երբ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Հայաստանի տնտեսության գերկենտրոնացվածությունը նկարագրելու համար հայտարարեց, որ երկրի ֆինանսական միջոցների 85 տոկոսից ավելին կենտրոնացած է 20-30 սուբյեկտների՝ 17 բանկերի, 5-6 ապահովագրական ընկերությունների, մի քանի խոշոր ներմուծողների եւ հիպերմարկետների սեփականատերերի ձեռքին, Հարությունյանը կողքից նետեց՝ նաեւ կազինոյի սեփականատիրոջ: Հարությունյանը վախենում է, որ եթե ինքն ամեն գնով չպաշտպանի իշխանության կողմից տնտեսության մոնոպոլացումը, ապա հնարավոր է, որ աշխատանքից ազատեն ԱԺ արխիվի վարիչ իր 80-ն անց զոքանչին, ԱԳ նախարարի տեղակալ որդուն եւ ԱԳ նախարարի տեղակալ փեսային»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին: Բաղրամյան 26-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերեւներում դժգոհ են Արարատի մարզում ընթացող գործընթացներից եւ մարզպետի աշխատաոճից: Խոսվում է նաեւ մարզպետի նոր թեկնածուի մասին: Ամենայն հավանականությամբ Արարատի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, որը ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է դարձել թիվ 5 ընտրատարածքից: Հիշեցնենք, որ նա հարազատ ՀՀԿ-ի համար ապահովել էր 18 հազար 202 ձայն: Այդ ձայները ստանալու համար Մուրադյանը զգալի ֆինանսական ռեսուրսներ էր ներդրել. այժմ փողերը հետ բերելու ժամանակն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշված է՝ մարտի 27-ին մեկնարկելիք ԱԺ նիստում Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ անդամ, համամասնական ցուցակով (գրել ենք) պատգամավորի նրա տեղը կզբաղեցնի Տաճատ Վարդապետյանը, իսկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Գեւորգ Կոստանյանը։ Դո՞ւք եք նա, որի կոշիկների քուղերն այսուհետ պետք է կապվեն պետաիրավական հանձնաժողովում, որն ապրիլի 9-ից հետո ունենալու է նոր, հզոր ֆունկցիա՝ վերահսկելու է օրենքների կատարումն ալամ Հայաստանում՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազին։
«Ձեզանից եմ առաջին անգամ լսում»։ Պարոն Կոստանյան, Դուք «մեզանից առաջին անգամ» լսեցիք, որ դատախազ եք դառնում, ապա «լսեցիք», որ նախագահի խորհրդական եք դառնում, ասացիք՝ չկա նման բան, բայց «հինգ րոպե անց» դարձաք խորհրդական։ «Ամենայնորեն անկեղծ ու ազնիվ եմ ասում՝ ձեր զանգից մեկ ժամ անց ինձ զանգեցին ու ասացին, որ, իսկապես, նման բան կա»։ Էդ դեպքում մի «նորություն» էլ հայտնեմ․ պետաիրավական հանձնաժողովը նախագահելուց վեց ամիս անց Դուք ԲԴԽ-ի՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկով ընտրվելու եք վճռաբեկ դատարանի նախագահ։ «Բա դե տեսնում եք․ դասական պատում՝ գնացի մարդի, ունեցա որդի։ Նախ կցանկանայի իմանայիք, որ ես հիմա էլ վատ պաշտոնների չեմ՝ ԱԺ պատգամավոր եմ, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, որը համաժամանակյա զբաղվում է գիտական աշխատանքով»։ Դե, ես էլ հենց էդ եմ ասում՝ վճռաբեկ դատարանի նախագահ կարող են դառնալ վճռաբեկի դատավորները եւ դոկտորական կոչում ունեցող գիտնականները։ Հիշեցնենք, որ դոկտորի կոչումը Կոստանյանը վերջերս է ստացել»: