25.11.2024
Սլովակիայի խորհրդարանի նախագահը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԻՊ-ի հետևորդենրը թափանցել են ՀՀ, ռուս զինծառայողի սպանությունը, ԱԱԾ-ի բացահայտումը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` «Իսլամական պետության» հետեւորդները հասցրել են այս ընթացքում թափանցել նաեւ Հայաստան: Բարեբախտաբար, նրանք չեն հասցրել այստեղ լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել. արագ բացահայտվել է Արման Ջանջուղազյանը, որ հիմա մեղադրվում է Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ:


«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով այս թեմային, ասել է. «Պարզված տվյալները վկայում են, որ Արման Ջանջուղազյանը, մշտապես բնակվելով Հունաստանում, դեռեւս 2014 թվականին հավատափոխ էր եղել եւ ընդունել մահմեդականություն, որից հետո սկսել էր համացանցի միջոցով ծանոթանալ եւ հավանություն տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծավալած գործունեությանը: Արման Ջանջուղազյանը սպանությունն իրականացրել է իր նախաձեռնությամբ, սակայն համացանցով հավանություն է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների անունից հանդես եկող անձանցից»: Ըստ Մ. Համբարձումյանի` այս ամենը բացահայտվելուց հետո Ջանջուղազյանը խոստովանական ցուցմունքներ է տվել: Փաստորեն, որքան էլ Հայաստանն անվտանգ երկիր է համարվում, այնուամենայնիվ, ապահովագրված չէ տարատեսակ անցանկալի դրսեւորումներից»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Կարապետյանների կոնգլոմերատը խիստ անակնկալի է եկել Արմեն Սարգսյանի նախագահացման գործընթացից. դեռ Ծառուկյանի «հարված-հակահարված» կոնֆիգուրացիան չհաղթահարած, սպիտակ ձեռնոցներով, բարձր իմիջով, միջազգային ճանաչմամբ, «նյու-լեվել» ֆորմատով խաղացող է մտնում դաշտ, որը նոր կանոններ կբերի իր հետ: Կարապետյաններին մոտ կանգնածները «մխիթարել» են նրանց, ասելով, որ նախ` նոր խաղացողը չկա «Ֆորբսում», իրենք կան, եւ ապա` նա իրավաբանորեն ամրագրված որեւէ ֆունկցիա, առաջնային մանդատ չունի երկրում, բուտաֆորիա է ընդամենը, իսկ ամբողջ տնտեսա-ֆինանսական համակարգ-կապերի պատասխանատուներն իրենք են: Եվ հետո, ասում են, վարչապետի դավոսյան այցն էլ իր հերթին ապացուցեց` «who is who»:


Նույն թերթը նաեւ գրում է. «Ապագա նախագահի հարցում որոշակիությունն արդեն առկա է: Օրակարգում է վարչապետի «ով» լինելու խնդիրը: Չնայած, ինքնին հասկանալի է` ով: Հավելենք պարզապես, որ տևական ժամանակ գաղտնի պահվող կառավարության կառուցվածքի մասին օրենքն էլ իր հերթին եկավ ասելու, որ Սերժ Սարգսյանը «վարչապետանում» է. ուժայինները, որ ցայս նախագահի իրավասության ներքո էին, սահուն անցում կատարեցին վարչապետի «ներքո»:


Իսկ հիմա ռիսկի դիմենք ու շամպայն խմենք (չնայած ԼՏՊ-ի դառը փորձին), և ասենք` վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ևս կանցնի առաջին փուլով: Եվ այնուհանդերձ, կա՞ն ռիսկեր, որ կարող են, որպես «մնացորդային» երևույթներ, ուղեկցել նրան: Խնդիրը բացառապես տեղական «սպառման» է. որոշ «կոնկուրենտ ֆիրմաներ» դեժավյու են ցանկանում. այն է` 98-ի սցենարի կրկնություն, մեկ գիշերում` իշխանափոխություն: ՈՒ ընդհատակյա աշխատանք են տանում պատգամավորների, չինովնիկական ապարատների հետ, որոնք, ինչ խոսք, ոչ «առյուծի կաթ են խմել, ոչ էլ Մակարովի գյուլլա կուլ տվել», բայց և մաշկափոխ նրանց գոյությունն իրենց մոտ եկած «պատգամաբերներին» հուսախաբ չի անում, «հորդորում» է` եթե փողոցում «էնքան մարդ հավաքվի, որ անցումը հնարավոր լինի, կնայենք»։


Ասել է` դեմ կքվեարկեն Սերժ Սարգսյանին: Ժպտու՞մ եք: Կարող էիք նաև «ուշագնաց լինել»: Բայց պետք է հասկանալ, որ «հազար փոր օգտագործվածներին», հանց կասեր Վանոն, «լուրջ» խոստումներ և «այլներ» են տրվում իրենց «ապագայի» և «մնացյալի» մասով: Բայց և` առաջ անցնենք, ասելու, որ «կոնկուրենտ ֆիրմայի» մի մասը, այսպես ասած` քաղաքական սեգմենտը, ինչպիսիք են Վարդան Օսկանյանն ու իր հետևում կանգնածները, հասկացել են` խաղը մեկընդմիշտ տանուլ է տրված. հիշենք` Օսկանյանն ասել է` «ոչինչ էլ չի լինի, նրանք իշխանությունը կկիսեն միմյանց միջև, և ամեն բան կավարտվի», ու մեկնել է ԱՄՆ:


Մինասիչը շատ լավ է հասկանում, որ Սերժ Սարգսյանը թռիչք է կատարել «կկվի բնի վրայով»` ստորագրելով ԵՄ համաձայնագիրը: Իսկ «կկուն»` Ռուսաստանը, լուռ է, որովհետև այդ համաձայնագրից ինքը ևս օգտվելու է: Գեոքաղաքական ամբողջական աղեղը ևս այս պահին ի շահ Հայաստանի է, քանզի նույն Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի գլուխները խառն են Իդլիբ-Աֆրին բարտերով, ԱՄՆ-ն էլ «սարքավորել» է Ղարաբաղի սահմանները` «դեզինտոքսիկացնելով» ազիկական դիվերսիաները, Սերժ Սարգսյանն էլ Արևմուտքում, ԵԽԽՎ-ներում «նոն ստոպ» դրական սալտոներ է կատարում, ներսում էլ` «նոու-հաուներ» իրացնում. հանդիպում է զինվորների հետ, «կամերաները անջատում», Արմեն Սարգսյան-պերսոն «ներմուծում», այլ հետաքրքիր պասաժներ ցուցանում։ Մի խոսքով, «կոնկուրենտների աբիժնիկ» մասն է, որ այսօր փորձում է հասնել ինչ-որ բանի, հույսը դնելով դեժավյուի վրա` կարծելով, թե «հիսուն հազար» ժողովուրդ կհավաքվի ապրիլի 9-ին ընդառաջ և. իրենք, Հիսուսի նման, կարտաբերեն. «Կատարվեց»:


Ի դեպ, մարտի 1-ի միտինգին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Սեյրան Օհանյանը: Հետաքրքիր է, իհարկե, որովհետև նույն հարթակի վրա գտնվողները, նաև չգտնվողները, նրանց թվում` Զարուհի Փոստանջյանը, նաև Օհանյան-Օսկանյան զույգին էին մեղադրում «մարտի մեկի» «կայացման» մեջ: Մասնակցելո՞ւ է այդ միտինգին Հովիկ Աբրահամյանը: Տեղեկություն դեռ չկա: Կա տեղեկություն, որ նրա հայրենակից, ոչ անհայտ Գրիշա Վիրաբյանը «նոր, հուժկու» միտինգային շարժում է սկսում` ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ոչ, մենք չենք ասում, որ երբեմնի կարկառուն ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանը այսօր «ֆորա» է ապահովում իր «հայրենակցի» համար, որի հետ ժամանակին այնքան թշնամական հարաբերությունների մեջ էր, որ ծայրահեղ, ինքնին անթույլատրելի քայլերի էր դիմում (թակարդն առած` բողոքի ցույցերի էր ելնում)։ Չենք ասում, որովհետև քաղաքականության մեջ չկան թշնամիներ, չկան բարեկամներ: Կան շահեր: Ու այդ «շահը» այսօր Սերժ Սարգսյանն է: Թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքին առումներով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկի հիման վրա պաշտոնանկ է արել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Միաժամանակ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱՆ ՔԿՎ պետ է նշանակվել այդ վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005թ-ից: Հատկանշական է փաստը, որ Օսիկյանի եւ Հովհաննիսյանի հարաբերությունները տեւական ժամանակ լարված էին. մամուլը բազմիցս անդրադարձել է այդ իրողությանը, թեեւ անձամբ Օսիկյանը 2015թ. «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում հերքել էր այս տեղեկությունները: Պատահական չէ, որ երեկ, երբ նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ ԱՆ ՔԿՎ աշխատակիցներին էր ներկայացնում նորանշանակ պետին, Արթուր Օսիկյանը ներկա չէր. գերադասել էր արհամարհել նոր պետի նշանակումը: Մեկ փաստ եւս. Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետի փոփոխությունների հրամանագիրը ստորագրել է հունվարի 28-ին՝ ոչ աշխատանքային օրով. համենայն դեպս, նախագահականի կայքում տեղադրված երկու փաստաթղթերն այդպես են թվագրված»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ «Հայփոստում» միջազգային աուդիտ է, որի նպատակը ընկերության ներկա վիճակի իրական գնահատումն է: Ընկերության աշխատակիցները անորոշ վիճակի մեջ են և չգիտեն, թե ինչ է լինելու իրենց հետ: Ընկերությունում լուրեր են շրջանառվում, որ արգենտինահայ ներդրող Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը կարող է հրաժարվել «Հայփոստի» հավատարմագրային կառավարումից, իսկ ընկերության վրա աչք ունի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ: Թե հատկապես ով՝ առայժմ հայտնի չէ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կադրային շարժերի սպասումներ են ամենուր, սակայն դրանք գրեթե չեն լինելու, լրացվելու են միայն թափուր տեղերը: Մեր տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար կդառնա Արկադի Ղուկասյանը, թեեւ նա հերքում է լուրը, իսկ եղբայրը՝ Արեգ Ղուկասյանը, արձանագրում է․ «Ես նման տեղեկություն չունեմ»: Ուժային կառույցներում փոփոխություններ եւս չեն լինի։ Երեկ քրեակատարողական վարչության պետ նշանակվեց, ինչպեսեւ կանխատեսվում էր, պետի առաջին տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը։ Իսկ պաշտոնից ազատված Արթուր Օսիկյանը կփոխարինի թոշակի գնացող 63-ամյա փոխոստիկանապետին՝ Գագիկ Համբարձումյանին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Սերգեյ Մանուկյանը (Շինանյութի Սերգեյ) եւ ազատ արձակված որդին` Արման Մանուկյանը, երեք օր առաջ Հայաստան են վերադարձել։ Դեռեւս 2017 թվականի նոյեմբերին գործարարի որդուն եւ զարմիկին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ քաղաքում անհայտ անձինք զենքի սպառնալիքով առեւանգել էին սեփական առանձնատան բակից, եւ մոտ երկու ամիս երիտասարդ տղաների տեղն անհայտ էր, նրանց մասին որեւէ տեղեկություն չկար, եւ միայն օրերս են նրանց ազատ արձակել։ Մեր տեղեկություններով՝ պատանդներին հայտնաբերել են տեղի իրավապահ մարմինները։ Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, եւ, առհասարակ, գործի մանրամասները գաղտնի են պահվում։ Սակայն տեղեկացանք, որ գործարարը մտադիր է վաճառել Ուկրաինայում գտնվող խաղային բիզնեսը, քանի որ որդին այլեւս չի վերադառնալու Ուկրաինա»։