Սլովակիայի խորհրդարանի նախագահը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոն դատապարտել է Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի դեմ իրագործած ցեղասպանությունը:
Նման հայտարարությամբ Անդրեյ Դանկոն հանդես է եկել Բրատիսլավայում իր հայաստանցի գործընկեր Արա Բաբլոյանի հետ հանդիպման արդյունքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հայերը ցեղասպանություն են վերապրել, նրանք հարձակումների թիրախ են եղել եւ շատ բան տարել, քանի որ քրիստոնեության կղզյակ են եղել», - ասել է Սլովակիայի խորհրդարանի նախագահը եւ հավելել, որ ինքը շատ մեծ հարգանքով ու ակնածանքով է վերաբերվում քրիստոնեական արժեքներին:
«Հայերը պայքարում էին իսլամականացման դեմ եւ հետապնդվում դրա համար: Միլիոնավոր հայեր ռեպրեսիաների են ենթարկվել», - ասել է Անդրեյ Դանկոն:
Նրա խոսքով, հայերն առաջին ժողովուրդ էին նորագույն պատմության մեջ, որ վերապրեցին ցեղասպանություն: Այս համատեքստում նա հիշեցրել է Օսմանյան կայսրության գործողությունները Սլովակիայի դեմ:
«Օսմանյան կայսրությունը 16-րդ դարի կեսից մինչեւ 17-րդ դարի վերջը ստրկացրել, իր կամքի է ենթարկել սլովակական տարածքների մեծ մասը: Մեր նախնիները հայրենական գրականության մեջ գրել են մեր ժողովրդի զրկանքների մասին: Ուստի սլովակները շատ լավ հասկանում են՝ ինչպիսի արհավիրք են վերապրել հայերը», - եզրափակել է նա:
Նշվում է, նաեւ, որ Հայաստանի ու Սլովակիայի խորհրդարանների նախագահները հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը:
Հիշեցնենք, որ Սլովակիան ոչ միայն ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, այլեւ 2011 թ-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։