27.11.2024
ԼՂ-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռները կարող են բացասաբար ազդել բանակցությունների վրա. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Արցախն առանց հայերի երբեք չի լինելու. Սարգսյանը սաստեց ու երկնքից իջեցրեց Սեիդովին

Այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի բոցաշունչ հարցադրմանը՝ հորդորելով նրան հանգստանալ ու հանդարտվել:


Սերժ Սարգսյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է: Դա պայքար է ազատության, ինքնորոշման համար, և այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ: Նախագահը նաև ուղղեց Սեիդովին՝ ասելով, որ պատիվ չի ունեցել լինել ղարաբաղյան պատերազմի առաջնորդ, բայց մասնակցել է Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին:


Արձագանքելով Խոջալուի մասին հարցին, որն այդքան շահարկում է Ադրբեջանը, ՀՀ նախագահն ասաց, որ այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն ու շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները.


«Գիտե՞ք, ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը պատիվ չէ, տանջանք է: Եվ կարծում եմ, ինչ-որ միտում կա Ադրբեջանում անպայման ունենալ այն, ինչ-որ ունեն հայերը: Գիտեք, դա անթույլատրելի մի բան է, ինչի՞ է պետք ձեզ մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել հատկապես հայերի կողմից»,- հայտարարեց նա:


Ինչ վերաբերում միջազգային կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավարությունների չկատարման մասին պնդմանը, Սարգսյանն ասաց՝ ադրբեջանցի պատգամավորը այստեղ ևս սխալվում է:


«Չկա միջազգային կառույցների կողմից ընդունված որևէ որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է: Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի բանաձևերը: Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, երբ որ դուք ընկղմվում եք մի թեմայում, իրոք ընկղմվեք ու ուսումնասիրեք: Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին: 1993 թ. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է չորս բանաձևեր ԼՂ հատվածում ռազմական գործողությունների դադարեցման մասին, և ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ նա չի դադարեցնի ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, և ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ»:


Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ՄԱԿ-ի այդ չորս բանաձևերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունն ու հեղինակությունը՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, և Հայաստանը, ի պատիվ այն ժամանակվա ՀՀ իշխանությունների, կատարել է այդ հանձնառությունը: Իսկ ամենաառաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, չի դադարեցրել ռազմական գործողությունները.


«Ինչպես գիտեք, 1994 թվականին ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործոնների ազդեցության տակ, և ոչ թե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի բանաձևերի: Բայց ցավոք սրտի, այդ պայմանագրում ամրագրված դրույթները չեն կատարվում: Հրադադարի ռեժիմը շատ հստակ ամրագրում է՝ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ քաղաքական լուծումների համար պետք է բանակցային մեծ գործընթաց սկսել: Բանակցային այդ գործընթացում, ինչպես երևաց Ձեր խոսքերից, դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնեք Ղարաբաղը: Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է: Դա պայքար է ազատության, ինքնորոշման համար, և այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ: Ես դրանում համոզված եմ»,- հավելեց ՀՀ նախագահը: