Եվրոպայի խորհրդին անդամակցելիս՝ Հայաստանը պարտավորություն ստանձնեց նաև հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով` շարունակելով այդ նպատակով գործադրել իր ազդեցությունը Արցախի վրա: Թեև Եվրոպայի խորհուրդը հակամարտությունների կարգավորման հարթակ չէ, այդուհանդերձ, ելնելով մեր ստանձնած վերոհիշյալ պարտավորությունից՝ հարկ եմ համարում համառոտ անդրադառնալ այս խնդրին:
Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ հունվարի 24-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի լիագումար նիստում:
Նա հիշեցրել է, որ ուղիղ 30 տարի առաջ արտաքուստ կարող էր թվալ, թե ամեն ինչ հանդարտ ու խաղաղ է Արցախում: «Սակայն այդ մակերեսային պատկերը խաբուսիկ էր: Մենք երբեք չէինք հաշտվել Արցախն Ադրբեջանին բռնակցելու Ստալինի որոշման հետ: Այդ տարիների ընթացքում խիստ մտահոգ էր Արցախի ժողովուրդը, քանի որ Բաքվի իշխանություններն ամեն ինչ անում էին հայերին իրենց պատմական բնօրրանից դուրս մղելու համար: Եթե 1926 թվականի մարդահամարով հայերը կազմում էին Արցախի բնակչության գրեթե 90 տոկոսը, ապա Բաքվի այդ քաղաքականության հետևանքով 1988 թվականին՝ ընդամենը 77 տոկոսը: Ես ինքս այդ իրողություններով մտահոգված արցախցիներից մեկն եմ եղել», - ասել է նա ու հավելել, որ 1988 թվականի փետրվարին արցախցիներն ընդվզեցին Բաքվի քաղաքականության դեմ և փորձեցին խաղաղ ճանապարհով իրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Սարգսյանն ընդգծել է, որ ինքն այդ ընդվզման առաջին շարքերում է եղել: «Արցախի խորհրդարանը որոշում ընդունեց, մարդիկ դուրս եկան խաղաղ ցույցերի: Ադրբեջանի պատասխանը պարզապես բացասական չէր: Ադրբեջանի պատասխանն էր Արցախից հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում ապրող հայերի հանդեպ կոտորած իրականացնելը: Հայերից վրեժ էին լուծում Արցախի կայացրած որոշման համար:
Կշեռքի մի նժարում խորհրդարանի որոշումը և խաղաղ ցույցն էր, մյուս նժարում՝ բռնությունն ու կոտորածը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ առնչվող յուրաքանչյուր ոք պետք է քաջ գիտակցի այս իրողությունը:
Հենց այդ պատճառով սին են հակամարտող կողմերի միջև հավասարության նշան դնելու բոլոր փորձերը: Նման հավասարեցումը կեղծ անկողմնակալություն է: Այդպիսով հավասարության նշան է դրվում Սումգայիթի ջարդարարի և նրա զոհի միջև: Այս տարի փետրվարի 27-ին մենք ոգեկոչելու ենք Սումգայիթի ջարդերի զոհերին:
Ջարդերը վերածվեցին պետական քաղաքականության և Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ, որի նպատակն էր Արցախի հայ բնակչության լիակատար բնաջնջումը: Արդարության պակասուրդի և բնաջնջման սպառնալիքի պայմաններում Արցախը չուներ որևէ այլ ելք, քան ինքնապաշտպանության դիմելը: Այստեղ ևս ես առաջին շարքերում եմ եղել և վայրկյան իսկ չեմ ափսոսում ժամանակին կատարած իմ ընտրության համար», - ասել է Հայաստանի ղեկավարը:
Սարգսյանը միեւնույն ժանանակ վաղուց արդեն հասունացած է համարում հակամարտությունը կարգավորելու ժամանակը: «Դրա համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ և հաղթահարի արդարության պակասուրդը: Ես այս հարցում նույնպես միշտ առաջին շարքերում եմ լինելու, որտեղ էլ որ գտնվեմ: Կողմերը պետք է միասին ստանձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվությունը՝ գտնելով փոխզիջումային հանգուցալուծում», - ասել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացն այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն է, նշել է Սերժ Սարգսյանը։ «Այս ձևաչափին բազմիցս իր աջակցությունն է հայտնել միջազգային հանրությունը, այդ թվում նաև Եվրոպայի խորհուրդը։ Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած հանձնառությունը պահանջում է հակամարտող բոլոր կողմերի համատեղ ջանքերը:
Սակայն Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան: 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղեկցվեց խաղաղ բնակչության և ռազմագերիների դեմ միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումներով: Դա ծանր հարված էր բանակցային գործընթացին, որն արթնացրեց Սումգայիթի ջարդերի մասին սոսկալի հուշերը:
Ցավոք, երբեմն այս Վեհաժողովում էլ տեղ են գտել զարգացումներ, որոնք հաշվի չեն առել նշածս իրողությունները` ջուր լցնելով նրանց ջրաղացին, ովքեր շահագրգռված չեն հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման մեջ: Վեհաժողովի բոլոր անդամներին կոչ եմ անում գիտակցել, թե ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ անզգույշ կամ կողմնակալ ձևակերպումները Արցախում առկա առանց այդ էլ փխրուն կայունության վրա», - ասել է նա։
Ըստ Սարգսյանի՝ պատերազմի մշտական վտանգի ներքո Արցախը շարունակում է ժողովրդավարություն կառուցել և խրախուսել մարդու իրավունքների պաշտպանությունը: Նա վստահեցրել է, որ այս բոլոր ձեռնարկներում Հայաստանը թև ու թիկունք է լինելու Արցախին, հետևողականորեն պաշտպանելու է Արցախի շահերը և իրավունքները, նպաստելու է Արցախի անվտանգության ամրապնդմանը: «Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ», երբ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, ինչպես իրավացիորեն նկատել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ Արցախի կողքին կկանգնի նաև այս կազմակերպությունը՝ իր ողջ փորձագիտական ներուժով: Արցախի բնակիչը դրան արժանի է և այդ իրավունքը վաղուց արդեն վաստակել է:
Մարդու իրավունքների պաշտպանությունը Արցախի իշխանությունների առաջնահերթություններից է. ի թիվս Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերի՝ Արցախը դեռևս 2015 թվականին միակողմանիորեն միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և պարտավորվել լիարժեքորեն կիրարկել այն։ Հատկապես գնահատելի է, որ Լեռնային Ղարաբաղը այս ամենին հասել է իր սեփական ուժերով` առանց միջազգային կառույցների շոշափելի աջակցության, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ այստեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը զուտ խոսքեր չեն, այլ գիտակցված ու հետևողական ընտրություն», - ասել է նա:
Սարգսյանի խոսքով, Արցախը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը, որի իշխանությունները թույլ են տալիս մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների աղաղակող խախտումներ՝ ընդհուպ մինչև ընդդիմադիր գործիչների քրեական հետապնդում, անգամ առևանգում մեկ այլ երկրի տարածքից:
Այս համատեքստում նա անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությանը, քանի որ ՄԻԵԴ-ի քննարկման առարկա են դարձել Ադրբեջանի քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներ, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Պարզ է, որ ՄԻԵԴ-ը հարցին մոտենում է «գորշ գոտիներ» բացառելու և մարդու իրավունքները Եվրոպայի տարածքում երաշխավորելու նպատակով: Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ի որոշումներում քաղաքական ձևակերպումներն ու գնահատականները կարող են ուղղակիորեն բացասաբար ազդել բանակցային գործընթացի վրա։ Ուստի, անհրաժեշտ է, որ ՄԻԵԴ-ն իր գնահատականներում չափազանց զգուշավոր լինի՝ խուսափելով քաղաքական ձևակերպումներից», - ասել է նա: