Ղարաբաղյան հակամարտությունը մեկ փաստաթղթի ստորագրմամբ հնարավոր չէ լուծել: Այս մասին հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այս խնդիրը մեկ փաստաթղթով եւ վերջանական հնարավոր չէ լուծել: Անհարաժեշտ է փուլային տարբերակ, որն իրենից ենթադրում է խնդրահարույց հարցերի քննարկումների ուղիների որոշակիացում, որպեսզի հնարավոր լինի հասնել վերջնական կարգավորման, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Հատկանշական է, որ հայկական կողմը փուլային կարգավորման մեկ եղանակ է տեսնում, այն է՝ առաջին փուլում Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին անցյալ տարի հայտարարել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները և դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ», - հայտարարել էր նա՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակն առաջ քաշելու Ադրբեջանի կրկնվող փորձերը:
Լավրովի խոսքով սակայն, այժմ կարեւոր է հանսել մի վիճակի, որպեսզի ԼՂ շփման գծում իրավիճակը հանգիստ լինի: «Սա հնարավորություն կտա անցնել խնդրի քաղաքական կարգավորմանը», - ասել է Լավրովը:
Ադրբեջանը, սակայն կարծում է, որ առաջանագծում իրավիճակի հանդարտեցումը ուղղակի կարող է հանգեցնել ստատուս-քվոյի տեւական սառեցման, որում, Բաքվի կարծիքով, շահագրգռված է հայկական կողմը: Ուստի ադրբեջանական կողմը՝ թեժ պահելով իրավիճակը շփման գծում, պնդում է վարել «սուբստանտիվ» բանակցություններ եւ հասնել խնդրի վերջնական կարգավորմանը: Այս մոտեցմանը հայկական կաղմը նախագահի մակարդակով մի քանի ամիս առաջ պատասխանեց հետեւյալ կերպ՝ հնարավոր չէ միաժամանակ կրակել ու բանակցել:
«Հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում», - հայտարարել էր Սերժ Սարգսյանը 2017 թ-ի հոկտեմբերին:
Լավրովն ասուլիսի ժամանակ նաեւ պատասխանել է հաճախ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Մոսկվան ԼՂ հիմնախնդրի կարգավորման առանձին ծրագիր ունի: «Ռուսաստանը չի կարող ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման կոնկրետ ծրագիր, քանի որ այն պետք է կարգավորեն հակամարտող կողմերը: Իբրեւ ԵԱՀԿ Մինսխի խմբի համանախագահող երկրներ, միջնորդներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ աշխատում են, որպեսզի հակամարտության կարգավորման պայմաններ ստեղծեն: Այս աշխատանքն անցյալ տարի շատ ինտենսիվ է տարվել եւ Մինսկի խմբի բոլոր առաջարկները ներկայացվել են հակամարտող կողմերին», - ասում է Լավրովը:
«Կողմերը գիտեն, թե ինչ են մտածում միջնորդները, սակայն իրենք պետք է լուծեն խնդիրը: Իհարկե, մենք սպասում ենք, որ երկու կողմից էլ կլինեն դրական իմպուլսներ: Մենք ուրախ ենք, որ անցյալ տարի տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այնպես, որ խնդրի լուծումը կողմերի ձեռքում է», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեսինց Ժնևում անցյալ տարվա նոյեմբերի 16-ին: Սարգսյան-Ալիեւ գագաթաժողովին պայմանավորվածություն ձեռք բերվեց «միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու եւ հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով»: Մինչդեռ հանդիպումից երեք օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից 19-ամյա զինծառայող զոհվեց, ինչը հայկական կողմը գնահատեց, որպես ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում: