23.11.2024
Վարդան Այվազյան. ՇՀԿ գործընկերներին հետաքրքիր է Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ռոբերտ Քոչարյանը հսկայական հողակտորներ է սեփականաշնորհել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, եւ օրերս տեղի է ունեցել նրա եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը փորձել են հասկանալ իրենց հետագա հարաբերությունների ճակատագիրը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հանդիպման ժամանակ քննարկել են նաեւ Վարդան Օսկանյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից կուսակցություն հիմնելու հարցը: «Ես պարբերաբար հանդիպում եմ թե՛ Վարդան Օսկանյանին, թե՛ Վահե Հովհաննիսյանին, երկուսին էլ համարում եմ պարկեշտ անձնավորություն ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ եթե իրենք նոր կուսակցություն ստեղծելու որոշում ունենան, ապա դրա մասին առաջինն իրենց գործընկերները կիմանան, բնականաբար, առաջին հերթին նաեւ ես։ Ձեր նշած տեղեկությունը հրապարակելու նախօրեին ես հանդիպել ու երկար զրուցել եմ Օսկանյանի հետ, եւ կուսակցություն ստեղծելու որոշման մասին ինձ հայտնի չէ»,- ասաց ԲՀԿ նախագահը»:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանն Արարատի մարզի Շահումյան գյուղի (Յուվա) տարածքում հսկայական հողակտորներ է սեփականաշնորհել։ «ՉԻ»–ն փորձեց այս մասին տեղեկություներ ստանալ Արարատի մարզպետարանի, սակայն այնտեղից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին լուրը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Քոչարյանի ընտանիքը ժամանակին չի վճարում այստեղ աշխատող հարյուրավոր մարդկանց, ովքեր հսկայական ջերմոցային շինարարություն են իրականացնում։ Մեր տեղեկություններով՝ ջերմոցներում աճեցվելու են յուրահատուկ բանջարաբոստանային կուլտուրաներ և մրգեր, որոնք Հայաստանում չեն աճում»:

«168 ժամ» թերթը գրում է. «Բրիտանական The Guardian-ը օրերս նյութ է հրապարակել աշխարհի երկրների պարտքային բեռի մասին՝ Junilee Debt Camaign կենտրոնի հետազոտության հիման վրա։ Այդ պատմության մեջ մեզ հետաքրքրողն այն էր` Հայաստանը դասվել է փաստացի պարտքաին ճգնաժամ ունեցող 22 երկրների շարքում։ Այն, որ մեր պարտքային բեռը ծանր է, գաղտնքի չէ։ Սակայն որ ճգնաժամի մեջ ենք, դա նորություն էր։ Հետազոտության հեղինակները ճգնաժամային էին համարել այն երկրները, որտեղ արտաքին պարտքի գծով վճարումները գերազանցում են պետբյուջեի եկամուտների 15 %-ը։ Պաշտոնական տվյալներով մեզ մոտ այդ ցուցանիշը շուրջ 3 % է, իսկ ահա ըստ հետազոտության՝ 23.4%։ Սա նշանակում է, որ մենք արտաքին պարտքի սապասարկմանը 2013-ին ուղղել ենք 247.5 մլրդ դրամ (այն ժամանակվա փոխարժեքով կազմում է շուրջ 611 մլն դոլար)։ Գաղտնիքն այն է, որ այդ հետազոտության հեղինակները հաշվի են առել ոչ միայն տոկոսագումարները այլ նաև մայր գումարի մարումները։ Իսկ երկրորդ «գաղտնիքն» այն է, որ նրանք հիմնվել են 2013-ի տվյալների վրա, երբ ՀՀ-ն վաղաժամկետ մարեց ՌԴ-ից ստացված 500 մլն դոլարի վարկը»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի գլխավորած 17 հոգանոց պատվիրակության Մոսկվա կատարած այցի մանրամասները, կարելի է ասել, անհայտ մնացին հանրությանը։ Պատվիրակության կազմում էր նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ – Ռուսական կողմը ներքին հետաքննություն իրականացրե՞լ էր, պարզե՞լ էր, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել ՀԷՑ-ում։ – Կարծում եմ՝ այս պահին որեւէ հետաքննություն չի անցկացվել, նախապատրաստվել են հարցերը թե՛ իրենց, թե՛ մեր կողմից, թե ինչ հարցերի վերաբերյալ պետք է լինի աուդիտը։ – Իսկ հնարավո՞ր է քրեական գործ հարուցվի։ – Քրեական գործով ռուսական կողմը չի զբաղվում։ Եթե քրեական գործ կամ նման դիմում լինի, դրանով կզբաղվեն մեր իրավապահ մարմինները։ – «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը, որպես ՀԷՑ-ի կրած վնասների եւ պարտքի պատճառ, մատնանշել էր Հայաստանում գործող կարգավորման համակարգը։ Ասել է թե՝ ոչ ուղղակի ձեւով մեղադրել էր ՀՀ կառավարությանը։ Սա որեէ կերպ քննարկվե՞լ է: – Նախ՝ կարգավորման մեթոդոլոգիան սահմանում է ոչ թե կառավարությունը, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են էներգետիկայի մասին օրենքում։ Ինչ վերաբերում է մեր մեթոդաբանությանը, մենք այն բազմիցս քննարկել ենք մասնագետների հետ եւ էական դիտողություններ չեն եղել։ – Կոնկրետ Կովալչուկի հայտարարությունը քննարկվե՞ց «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ի տնօրենի հետ հանդիպման ժամանակ։ – Նա ունի իր կարծիքը, մենք ունենք մեր կարծիքը։ Ավելի մանրամասներ չեն քննարկվել»: