Թուրքիան քրգործ է հարուցել 4 գործիչների նկատմամբ` Արցախ այցելելու համար. Չավուշօղլու
Թուրքիայում քրեական գործ է հարուցվել չորս գործիչների նկատմամբ, որոնք սեպտեմբերին այցելել էին Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Անադոլու-ի հաղորդմամբ, նախարարի խոսքով քրգործ է հարուցվել գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի նկատմամբ, որոնք այցելել են «Ադրբեջանի օկուպացված տարածքները առանց Բաքվի և Անկարայի իմացության»:
Նախարարն ընդգծել է, որ քաղաքացիների այցը առանց պետական մարմինների տեղեկացվածության ուղղակի հանցագործություն է, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում առկա է զգայուն մոտեցում: «Այնպես որ երբ Ադրբեջանում քրեական գործ հարուցվեց, Թուրքիան նույնօրինակ որոշումը կայացրեց: Տվյալ անձիք արդեն ցուցմունքներ են տվել դատական ատյաններում»,- ասել է նա:
Չավուշօղլուն նաև ասել է, թե նշված անձիք իրեն զանգահարել են ու պնդել, թե տեղյակ չեն եղել իրենց գործողությունների անօրինականության մասին: Սակայն նախարարը խորհուրդ է տվել իրենց այդ բացատրությունները հասցնել Ադրբեջանի իշխանություններին` «առաջին դասարանի աշակերտներ չեն»: Չավուշօղլուի խոսքով, վերջիններս պաշտոնական Բաքվին նամակ են գրել, ներկայացնելով իրենց դիրքորոշումը.
«Բայց փաստը մնում է փաստ, իրավական գործընթացները արդեն մեկնարկել են և դա պետք է դաս հանդիսանա, որպեսզի ոչ ոք առանց Ադրբեջանի թույլտվության չայցելի Ղարաբաղ»,- հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 22-ին Թուրքիայի չորս քաղաքացիները այցելել են Արցախ, իսկ մի քանի օր անց Ադրբեջանում նրանց նկատմամբ հարուցվեց քրեական գործ, դատարանի որոշմամբ նրանց կալանավորելու որոշում կայացվեց, իսկ թուրք քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվեց: Թուրքիայի իրավապահ մարմիններին համապատասխան գրություն էր ուղարկվել նրանց կալանավորելու և պատասսխանատվության ենթարկելու համար: