ԳՄՕ սննդամթերք արդատող ամերիկյան «Մոնսանտո» ընկերությունն արդեն 20 տարի է Հայաստանում գործունեություն է ծավալում: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` անդրադառնալով ամերիկյան «Մոնսանտո» ընկերության ՀՀ-ում գործունեությանը:
Նրա խոսքով, գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում կազմակերպության հետ, սակայն սկսել է ուսումնասիրել մամուլում տպագրված վերջին հաղորդագրություններն այդ ընկերության եւ ներկրված սերմերի ռիսկերի մասին: «Մենք հիմա կուսումնասիրենք՝ ինչ են իրենք անում, որքանով են ԳՄՕ սերմերը ՀՀ-ում տարածված եւ դրանից հետո անպայման հայտարարություն կանենք», - ասաց նա:
Նախարարի խոսքով, ժամանակին եղել է օրենսդրական նախաձեռնություն, որով արգելվել է ԳՄՕ սերմերի տարածումը ՀՀ-ում, սակայն իր համար անհայտ պատճառներով գործընթացը «դադարեցվել է»: «Դա եղել է 2013 թ-ին: Այժմ մենք նաեւ դիրտարկում ենք այդ հնարավորությունը, որ նորից վերանայենք օրենսդրական նախաձեռնությունը, որպեսզի հասկանանք դրա արդիականությունը եւ նորից շրջանառելու անհրաժեշտությունը», - ասաց նա:
ԳՄՕ սերմերից այնուամենայնիվ նախարարը վտանգ տեսնում է. «Միշտ վտանգը կա: Օրգանիկը մնում է օրգանիկ»:
Դիտարկմանը, թե եվրոպանա երկրներն արդելել են «Մոնսանտո» ընկերության գործունեությունը, նախարարը պատասխանեց, որ գիտի, սակայն նախորդ պատասխնին այլ բան չի կարող ավելացնել: «Ի՞նչ եք ակնկալում ինձանից: Ես ասացի, որ կուսումնասիրենք ու հանդես կգանք հայտարարությամբ»:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նույն խնդրին անդրադարձավ Սննդամթերքի անվտագության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Նրա խոսքով, ինքը՝ որպես քաղաքացի չէր ցանկանա ԳՄՕ պարունակող ապրանք օգտագործել:
Նրա խոսքով, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասով գիտության մեջ դեռ կան տարրբեր քննարկումներ. «Մեր ծառայությունը գործողություններ է իրականացնում իր լիազորությունների շրջանակներում և ուսումնասիրում է շրջանառության գործընթացը: Ներկայումս, «Մոնսանտո» ընկերության կողմից ներկրված սերմերի ծավալը չի գերազանցում 1 տոկոսը ընդհանուր ներկրման մեջ: Չեմ կարծում, որ դա մեծ ռիսկ է պարունակում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեպասնատունը օրեր առաջ կազմակերպել էր ամերիկյան եւ հայկական ընկերությունների մասնակցությամբ հանդիպում, որտեղ ներկայաված էր նաեւ «Monsanto» ընկերությունը, որը հետաքրքրված է հայկական գյուղատնտեսական արտադրանքի ժամանակ իր նյութերը կիրառելու հնարավորությամբ: Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանն էլ կոչ էր արել Հայաստանին հետու մնալ «Monsanto»-ի արտադրանքը գյուղատնտեսությունում կիրառելուց, քանի որ համոզված է, որ այն վտանգավոր է: