2017-ի առաջին 8 ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում է Արմենպրեսը:
Նրա խոսքով՝ առջեւում են տնտեսական աճի նոր հնարավորություններ։ Հայաստանցի եւ ռուսաստանցի պաշտոնական անձանց հանդիպումները հաստատում են փոխգործակցության հսկայական չօգտագործած ներուժը։ Մշակվում են նոր, հեռանկարային առաջարկներ։ «Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար։ Ստորագրման համար պատրաստվել են որոշ փաստաթղթեր, եւ մենք կարծում ենք, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները որ միայն պահպանելու, այլ զարգացման միտումներն արագացնելու համար»,– ասել է Կարեն Կարապետյանը։
Դմիտրի Մեդվեդեւն իր հերթին որոշեց շտկում կատարել։ «Ինձ մոտ թվերն ավելի լավն են։ Հունվար–օգոստոս ժամանակահատվածում մեր երկրների ապրանքաշրջանառությունը աճել է 30 տոկոսով։ Այնպես որ առաջարկում եմ օգտագործել այդ թիվը»,– ասել է նա։
Հայկական արտադրանքի արտահանման աճը վերաբերում է եւ՛ գյուղատնտեսությանը, ե՛ւ մյուս ուղղություններին։ Մեդվեդեւը նշեց, որ այդ դինամիկան ցույց է տալիս, որ տնտեսական դժվարությունների գիծը հաղթահարվել է։ Մնում է հուսալ, որ ներդրումային համագործակցությունը հետ չի մնա առեւտրայինից։ «Ամենակարեւորը, որ վերջին շրջանում Հայաստանը եւ Ռուսաստանը կարողացել են ոչ միայն երկկողմ, այլեւ ԵՏՄ մակարդակով համագործակցության մոդել ստեղծել»,– ամփոփեց ՌԴ վարչապետը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նաեւ հայտարարել է, որ Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաեւ 2018–ին։ «Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,– ասել է Մեդվեդեւը։
«Դա իրոք այդպես է»,– հաստատել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլից Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում խ/մ–ի դիմաց 150 դոլարով։