23.11.2024
6,5%-ի տարբերություն. Մեդվեդեւն ու Կարապետյանը երկկողմ առեւտրի տարբեր թվեր ներկայացրեցին
prev Նախորդ նորություն

ԵՄ-ի հետ հարաբերություններում պետք է հաշվի առնել «Մոլդովայի փորձը». տեսակամուրջ

Հոկտեմբերի 24-ին «Սպուտնիկ Արմենիա» տեղեկատվական գործակալությունում «Ժողովրդի ձայնը» ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը. Մոլդովայի փորձը» թեմայով տեսակամուրջ: 


Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Մոլդովա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Հայկ Բաբուխանյանը հայտարարեց. «Հայաստանի համար առաջնահերթ գործընկերը Ռուսաստանն է, նույնիսկ ԵՄ-ի հետ հավասարազոր համագործակցության կոնտեքստում»: Հայկ Բաբուխանյանի խոսքով, Հայաստանի համար, որը գնում է բոլոր խաղացողների հետ համագործակցության ուղիով, առաջնային է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը:


«Մեզ մտահոգում է այն, թե ինչ է կատարվել Մոլդովայում, Վրաստանում և Ուկրաինայում ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո», - ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ն Հայաստանի առջև մշտական պայմաններ է դնում. ատոմակայանների փակում, հայկական կոնյակի անվանափոխություն և այլն: 


Քննարկման մեկ այլ բանախոս, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ հետխորհրդային տարածքի երկրները պետք է միասին պայքարեն արտաքին մարտահրավերների դեմ: «Զարգացած եվրոպական երկրների մեթոդով պայքարելը տնտեսական անվտանգության սպառնալիք հանդիսացող խնդիրների հետ, սխալ է: Մենք պետք է օգտագործենք այդ երկրների փորձը համապատասխանեցնելով այն մեր պետություններին»,- ասել է Մանասերյանը:


Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության ղեկավար Արման Ղուկասյանն իր հերթին նշեց, որ Մոլդովայի փորձը ցույց տվեց, որ Եվրամիությունը ստեղծում է արհեստական արգելքներ տնտեսության համար և ոչնչացնում է այս կամ այն երկրի հիմնական արտադրողական կարողությունները:


«Մոլդովայի պարագայում դա գինեգործությունն էր: Համաձայնագրի ստորագրումից հետո պարզվեց, որ Մոլդովայի գինեգործության ստանդարտները չեն համապատասխանում ԵՄ-ի շուկային: Նույնը կարող է կատարվել նաև Հայաստանի հետ, քանի որ Հայաստանից ԵՄ է արտահանվում հիմնականում թանկարժեք մետաղներ և ալկոհոլային խմիչքներ, հիմնականում կոնյակ», - ասաց նա:


Ղուկասյանը համարում է, որ Հայաստանում արևմտամետ ուժերը փորձում են վարկաբեկել ԵԱՏՄ-ի կերպարը և ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը ներկայացնել որպես այլընտրանք, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Վերջինիս կարծիքով ԵԱՏՄ-ն հայկական տնտեսության համար առաջնային ուղղություն է, քանի որ միայն 2017թ-ի ընթացքում Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ երկրների շուկա աճել է 21%-ով, իսկ բոլոր տնտեսական հաշվարկներով Հայաստանում մինչև տարեվերջ սպասվում է 2,5-3,4% տնտեսական աճ:


Եվս մեկ բանախոս Ծովինար Կոստանյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն միլիարդավոր դոլարների ռեսուրսներով ազդում են Հայաստանի հասարակական սեկտորի վրա, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել` հաշվի առնելով այն գործունեությունը, որն իրականացնում են տարբեր արևմտամետ ՀԿ-ներ Հայաստանում:


«Անհրաժեշտ է խոսել այն մասին, որ այժմ ակտիվ պայքար է ընթանում մեր հոգևոր և ընդհանուր բարոյական արժեքների դեմ: Հիմա Հայաստանում ակտիվորեն լոբբինգ է արվում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, ինչը շատ հակասական է: Տեղի արևմտամետ հկ-ները աջակցում են այս օրենքին: Հայաստանին և Մոլդովային միավորում են նույն խնդիրները: Այն Հկ-ները, որոնք աշխատում են Մոլդովայում պետության շահերի դեմ, գործում են նաև մեզ մոտ», - նշեց նա:


Կոստանյանն առաջարկեց երկու երկրների խորհրդարանների ներքո տեղծել հայ-մոլդովական բարեկամության ակումբ, որը կարող է Հայաստանի և Մոլդովայի հասարակական կազմակերպությունների և խորհրդարականների համար հարթակ դառնալ, որտեղ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների ընդհանուր խնդիրները և հարցերը:


Մոլդովայի գործընկերները խորհուրդ են տալիս Հայաստանին խորին ուշադրությամբ կարդալ Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստը: «Ասոցիացիայի պայմանագրի ստորագրումից հետո երկիրը կառավարվում է դրսից և չի կարող իրեն թույլ տալ ապրել այնպես ինչպես ուզում է»,- ասաց Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի Մոլդովա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Վլադիմիր Գոլովատյուկը:


Տեսակամուրջի ժամանակ մոլդովական կողմը ներկայացնում էին նաև Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, ՄՀՍԿ քարտուղար Վլադ Բատրինչան և քաղաքագետ, նախագահին առընթեր հանրային խորհրդի անդամ, Մոլդովայի Հանրապետության հայ համայնքի ղեկավար Հայկ Վարդանյանը: