Թուրքիայում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է թուրք-ամերիկյան վիզային ճգնաժամը
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների անժամկետ չեղարկումը: Ըստ դեսպանի՝ վիզաների տրամադրման սահմանափակումը Թուրքիայի բոլոր քաղաքացիների դեմ չէ, այլ միայն ժամանակավորապես կասեցնում է նոր վիզաների տրամադրման գործընթացը:
Բասը շեշտել է, որ դա ամերիկյան կողմի համար հեշտ որոշում չի եղել:
«Սա որոշում է, որը մենք մեծ տխրությամբ ենք կայացրել», - ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը:
Բասը նաև նշել է, որ իրենք առայժմ չգիտեն, թե Թուրքիայում տեղի ունեցած միջադեպն իր բնույթով եզակի դեպք է, թե սպասվում են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների թուրք քաղաքացիների նոր ձերբակալություններ:
Նա շեշտել է, որ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության որևէ աշխատակցի՝ օրենքից դուրս գործողությունների հետ կապված թուրքական կողմն իրենց հետ որևէ տեղեկություն չի կիսել, ինչը պարտավոր էր անել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։