25.11.2024
Ագրամունտի հրաժարականը ԵԽԽՎ-ն կոռուպցիայի սարդոստայնից մաքրելու առաջին քայլն է. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Հայկական պատվիրակության համար նախընտրելի է ԵԽԽՎ նախագահի Կիպրոսի թեկնածուն. Հովհաննիսյան

Վաղը առավոտյան ԵԽԽՎ-ում կհայտարարվի վեհաժողովի նոր նախագայի անունը, որին պատվիրակներն ընտրել են փակ քվեարկությամբ: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝  Կիպրոսից ԵԺԿ ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը և Լիտվայից ԵԺԿ ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսը:


VERELQ-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հավանաբար վաղը առավոտյան հայտնի կդառնա, թե ով է ստանձնելու Վեհաժողովի նախագահի պարտականությունները մինչև հունվար ամիսը՝ երեք ամսով: Նրա խոսքով, Կիպրոսի պատվիրակության ղեկավարը վճռորոշ է իր դիրքորոշման մեջ և չի հանել իր թեկնածությունը, թեև ձայների 37/32 հարաբերակցությամբ պարտվել է ԵԺԿ խմբում կազմակերպված քվեարկության ժամանակ: Իսկ ԵԽԽՎ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է ձայների մեծամասնություն` այսինքն` 152 կողմ:.


Հայկական պատվիրակության համար երկու թեկնածուներից ավելի նախընտրելի է Կիպրոսի ներկայացուցիչը: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս փուլում կարևոր է ունենալ անկաշառ և իր հայացքներում անաչառ թեկնածու ու, թերևս, այդպիսին են տեսնում կիպրոսցի Ստելլա Կիրիակիդեսին.


«Նա որեւէ սկանդալի մեջ ներքաշված չէ, նրա անունը որեւէ կոռուպցիոն գործարքների հետ շաղկապված չէ: Այդ տեսանկյունից առավել նախընտրելի է Կիպրոսի պատվիրակության ղեկավարը»,- շեշտեց նա: 


Հիշեցնենք, հոկտեմբերի 6-ին Պեդրո Ագրամունտը հայտարարեց, որ հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: