24.11.2024
Թույլ գնաճ, տնտեսական ակտիվություն. ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6%
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանի հեռացումը. քննարկվում է նրան երաշխիքներ տալու հարցը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կառավարությունում «բնակություն» հաստատած «դեղնակտուց» ջահելները, որոնք կառավարությունում մեծամասնություն են կազմում, նաեւ վարչապետի մերձավոր շրջապատն են համարվում, վստահ են, որ իրենց հովանավորը 2018 թ. ապրիլի 9-ից հետո էլ է շարունակելու զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ավելին՝ նրանք ամենուր հայտարարում են, որ Սերժ Սարգսյանի որեւէ պաշտոնի մնալու հարց ոչ միայն չկա օրակարգում, այլեւ այս պահին նրա հետ քննարկվում են իշխանության փոխանցման հետ կապված դետալներ, այդ թվում՝ նրա եւ նրա ընտանիքի անդամների անձնական ու նյութական ապահովության երաշխիքների տրամադրման հարցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ նոր կառավարությունում պատահական մարդիկ գրեթե չկան։ Այստեղ Բակո Սահակյանի ազգուտակն է, ծանոթ-բարեկամները։ Արցախի կառավարության ցանկը համալրվել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությամբ, նախարար է նշանակվել Վազգեն Միքայելյանը՝ Բակո Սահակյանի աներձագը, ով նախկինում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր։


Փոխվել է էկոնոմիկայի նախարարության անունը՝ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, նախարար է նշանակվել Բակո Սահակյանի քրոջ փեսա Լեւոն Գրիգորյանը՝ փոխարինելով Անդրանիկ Խաչատրյանին: Գրիգորյանը նախկինում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր: Մշակույթի նախարարությունը վերանվանվել է մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության, նախարար է նշանակվել Սերգեյ Շահվերդյանը՝ փոխարինելով Նարինե Աղաբալյանին։ Վերջինս ԿԳ եւ սպորտի նախարար է նշանակվել։ Սերգեյ Շահվերդյանը եւս պատահական մարդ չէ, Բակո Սահակյանի ազգականն է՝ նախկինում զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետն էր»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սեյրան Սարոյանի 50-ամյակն իր վրա թանկ է նստել` ոչ միայն նյութական, այլեւ «ֆիզիկական» առումով․ նա շատ է պարել (ոտքերը հիվանդ են), շատ է երգել։ «Սերժ Սարգսյանն է «Ջուխտակ շամամներից» հետո քանիցս հորդորել` մի հատ էլ երգի»,- տեղեկացրին մեր աղբյուրները: Ու այս օրերին գեներալը հասել է «Չինաստան տեղ»` բուժվելու: Իսկ ինչո՞ւ չի գնացել Իսրայել` Մեռյալ ծովի ցեխերով դարմանելու ոտքերի ցավը, չէ՞ որ միշտ այնտեղ է բուժվում: «Գտնում է, որ Իսրայելում շատ են խաբում, սանիկը` Սուրիկ Խաչատրյանը, համոզել է, որ Չինաստանում ամենալավ բուժումն են անցկացնում, հիմա իրար հետ Չինաստանում են»: Ցողունային բուժմա՞ն: «Ցողունայինը Կորեայում է, իրենք Չինաստանում ավանդական բուժման են»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ, ԱԺ ԾԴ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավերով սեպտեմբերի 24-ից ՀՀ-ում է գտնվում Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը: Ըստ տեղեկությունների՝ սա նրա երկրորդ այցն է, որն առավելապես գործնական-ճանաչողական նշանակություն ունի: Այս տարի մայիսին ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից FIFA-ում կոռուպցիոն բազմամիլիարդ գործարքներին ուղղակի մասնակցության համար մեղադրանքից հետո Քուվեյթի շեյխը հրաժարական տվեց: ՀՀ-ում շեյխին հյուրընկալող Գագիկ Ծառուկյանը ցանկանում է նրան ներգրավել Հայաստանի ամենահեռանկարային՝ հանքարդյունաբերության ոլորտ, մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման դիմաց»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի համար իր չվերանշանակվելը անակնկալ է եղել։ Վերջինս այդ մասին իմացել է կառավարության կազմի հրապարակումից մի քանի օր առաջ միայն: Բակո Սահակյանի որոշումը Միրզոյանի սրտով չի եղել, թեև պաշտոնապես ձեւակերպվել է, որ նախարարն ինքն է ընտանեկան պատճառներով դիմում գրել պաշտոնը լքելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով՝ վերջինս կադրերի ռեզերվ չի ուղարկվի, նոր պաշտոն կստանա։ Կարեն Միրզոյանի աշխատանքից դժգոհություն չկա, պարզապես Բակո Սահակյանի կողմից փորձ է արվել այդ պաշտոնին նշանակել իր երբեմնի քննադատներին և այդպիսով ժողովրդավարության ֆոն ստեղծել Արցախում։ Չի բացառվում, որ Կարեն Միրզոյանը նշանակվի Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տպավորություն է, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կյանք չունի առանց կոնյակի: Յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը պետական միջոցներից միլիոնավոր դրամներ է ծախսում կոնյակ գնելու համար: Դրանք գնվում են նվիրելու կամ էլ խմելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել Ֆ/Ա Արամ Տեր-Վարդանյանի հետ եւ գնել 4 հատ «Արենի» կոնյակ: Բայց ուշագրավը գինն է. քաղաքապետարանը մեկ կոնյակը ձեռք է բերել 145 հազար 200 դրամով` ընդհանուր 4 կոնյակի համար վճարելով 580 հազար 800 դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք նախատեսված են եղել «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառման համար: Ենթադրվում է՝ ռուս գործընկերոջը «թանկանոց» կոնյակներ է նվեր տարել քաղաքապետը, որ ջերմ վերաբերվեն պատվիրակությանը: Հիշեցնենք, որ ավագանու նիստերից մեկի ժամանակ ընդդիմադիրները բարձրացրել էին այս հարցը, բայց պարոն Մարգարյանն այդպես էլ հստակ պարզաբանում չէր տվել»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել ՀՀ պաշտպանության նախարարության ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մամուլում հրապարկված տեղեկությունները: Այս մասին armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված մեր հարցմամբ խնդրել էինք տեղեկություններ տրամարդրել, թե արդյոք դատախազության կողմից ուսումնասիրվել է «mamul.am» կայքում հրապարկված թվով երեք հրապարակում: Դրանցից մեկը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կողմից ենթադրյալ հովանավորչության մասին էր, մյուսը՝ ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից 3.5 մլն դոլարով ձեռք բերած բնակարանի եւ 600 հազար ԱՄՆ դոլարով գնած վերելակի մասին: Երրորդ հրապարակումը կրկին վերաբերվել է Յուրի Խաչատուրովին:


Առանձին-առանձին անդրադառնանք այդ հրապարակումներին եւ դրանց վերաբերյալ դատախազության հայտնած տեղեկատվությանը: «ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետը 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով բնակարան է գնել եւ 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար» վերնագրով հոդվածում նշված է, որ ՊՆ թիկունքի վարչության պետ ՆորայրՅոլչյանն է վերահսկում ՊՆ-ի մատակարարների ստվերային հոսքերը, թերի մատակարարումները եւ ապահովում է ներքեւից վերև հափշտակված գումարները տեղափոխող «վերելակի» անխափան աշխատանքը։ Հրապարակման համաձայն, Յոլչյանը Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում 750 քառակուսի մետր մակերեսով բնակարան է գնել, որից հետո տեղեկանալով, որ վերելակն իր բնակարան չի հասնում, 600 հազար ԱՄՆ դոլարով էլ վերելակ է գնել: Գլխավոր դատախազությունում ուսումնասիրել են այս հրապարակումը եւ պարզել են, որ այն ինքնին չի պարունակում ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից առերևույթ հանցավոր գործունեության մասին վկայող տվյալներ, այնպես էլ հանցագործության մասին հաղորդման հատկանիշներ: «Ուստի հրապարակմանը քրեական դատավարության կարգով ընթացք տալու բավարար հիմքեր առկա չեն»,- ասված է դատախազության պատասխանում:


Մյուս հրապարակումը, որը վերնագրված է՝ «ՊՆ-ից 810 միլիոն ՀՀ դրամի հափշտակությո՞ւն է կատարվել», վերաբերվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթներից մեկին, որի հետ ենթադրյալ կապ է ունեցել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:


Հրապարակումը կառուցված է հարուցված մի քրեական գործի շրջանակներում վկայի ցուցմունքի վրա: Ըստ այդմ, ամեն տարի ՊՆ-ում հայտարարվում է թելերի մատակարարման մրցույթ եւ սահմանվում է թելերի տեխնիկական բնութագիրը՝ 100% բամբակ։ Տասը տարուց ավելի այդ մրցույթում հաղթում է նույն ՍՊԸ-ն, եւ մեկ տարվա կտրվածքով ՊՆ մատակարարվում է 90.000.000 ՀՀ դրամի 100% բամբակյա թել։ Հրապարակման համաձայն, 100 տոկոս բամբակյա թել չի կարող լինել, եւ դա նշվել է նրա համար, որ այլ ընկերությունները չկարողանան մասնակցել մրցույթին: Իրականում մատակարարվել է 100 տոկոս պոլիեստեր, եւ իբր ՊՆ-ին պատճառվել է 810 միլիոն դրամի վնաս 10 տարվա ընթացքում: Գլխավոր դատախազությունում այս հրապարակումը եւս ուսումնասիրվել է:


«Հոդվածում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակմամբ նշված դեպքի առնչությամբ դեռևս 2014թ․մարտի 1-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ,- խմբ. հեղ.) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի վարույթը 2015թ․ դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ, հանցակազմի բացակայության հիմքով, կարճվել է»,- ասված է դատախազության պատասխանում:


Երրորդ հրապարակումը այս պահին էլ գտնվում է քրեադատավարական փուլում: Այս հրապարակումը վերաբերվում է բանակին մատակարարվող ներքնակներին (դոշակ): Ըստ անանուն աղբյուրի, բանակին ամեն տարի 15 հազար հատ ներքնակ է մատակարարվում, սակայն նոր ներքնակի փոխարեն ՊՆ-ին մատակարարվում են հին ներքնակները: Այսպես. հին ներքնակները դուրս են գրվում եւ համաձայն կարգի՝ պետք է ոչնչացվեն, սակայն ուղարկվում է մատակարարին, որն էլ փոխում է ներքնակների վրայի կտորները, եւ նույն ներքնակը փոխված կտորով մատակարարվում է ՊՆ-ին: Այս դրվագով էլ ՊՆ-ին, ըստ հրապարակման, պատճառվում է 2 միլիարդ դրամի վնաս, իսկ գործարքի թիկունքում կանգնած է Յուրի Խաչատուրովը: ««Երկու միլիարդ դրամի հափշտակություն և նորից ՊՆ-ում» հոդվածում նկարագրված հանգամանքները ներկայումս, անկախ վկայակոչվող հրապարակումից, քննության առարկա են դեռևս 30.08.2017թ. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում»,- ասված է գլխավոր դատախազության պատասխանում: Ստացվում է, որ Յուրի Խաչատուրովի անվան հետ կապվող այդ հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները քննության առարկա են դարձել օգոստոսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, եւ այժմ էլ նախաքննություն է ընթանում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների տվյալներով` Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետեւ ՀՀ վարչապետի խորհրդական Կավալենկո Շահգալդյանը առաջիկա ամիսներին արտագաղթելու է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում: Այս օրերին նա հիմնականում զբաղված է իր բիզնեսը վերոհիշյալ երկիր տեղափոխելու կամ այնտեղ նոր բիզնես սկսելու գործերով: Աղբյուրի պնդմամբ, որոշ ժամանակ անց Գերմանիա կմեկնի նաեւ Կավալենկոյի որդին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Ինչո՞ւ հայր ու որդի Շահգալդյանները հեռանկար չեն տեսնում Հայաստանում` չենք կարող ասել: Բայց նրանք իշխանության վերնախավում են եւ им виднее...»: