24.11.2024
ՀՀ զինուժը «Սմերչ» համակարգերի կրակով զորավարժություններ է անցկացրել (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Թույլ գնաճ, տնտեսական ակտիվություն. ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6%

2017 թ. սեպտեմբերի 26-ին Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: Այս մասին ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:


2017 թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը պահպանվել է նույն մակարդակում՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 0.9%: Ընդ որում, 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է ընդհանուր գնաճի համեմատ առաջանցիկ տեմպերով` նախորդ ամսվա 0.7%-ից հասնելով 1.5%-ի, իսկ սեզոնային գյուղմթերքների գների աճը կտրուկ դանդաղել է՝ 7.8%-ի դիմաց կազմելով 1.2%:


Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումներն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների մասով: Վերջինս նպաստել է պղնձի գների զգալի բարձր մակարդակի ձեւավորմանը, մինչդեռ ապրանքահումքային մյուս շուկաներում դրսեւորվել է չափավոր գնաճ: Այս պարագայում ԿԲ խորհուրդն արտաքին հատվածից ակնկալում է թույլ գնաճային ազդեցություններ:


Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճը գերազանցել է ակնկալիքները 1.0 տոկոսային կետով՝ կազմելով 6.0%: Տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվել է նաեւ երրորդ եռամսյակում՝ պայմանավորված արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտների աճերով, որոնք փոխհատուցել են գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտների նվազումը: ԿԲ գնահատումների համաձայն ներքին պահանջարկը վերականգնվում է սպասվածից արագ, ինչի մասին են վկայում տնտեսության վարկավորման, ներմուծման աճի եւ բնականոն գնաճի արձանագրված բարձր տեմպերը: Ներքին պահանջարկի վերականգնումը մեծապես պայմանավորվել է իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ եւ կանխատեսվածից քիչ զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ:


Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը մնում է այն կարծիքին, որ քաղաքականության տոկոսադրույքի ներկայիս մակարդակը բավարար խթանող է եւ կանխատեսվող սցենարով դեռեւս որոշ ժամանակ կպահպանվի խթանող: Այն կշարունակի իր ազդեցությունը փոխանցել համախառն պահանջարկին, ինչի հետեւանքով գնաճն աստիճանաբար կավելանա` կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:


Տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: