23.11.2024
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համաձայնության շրջանակում Սիրիայում բազան փակել է
prev Նախորդ նորություն

Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն անկայունության աճ կառաջացնի. Պետքարտուղարություն

Իրաքի Քուրդիստանում երկուշաբթի անցկացված հանրաքվեն շրջանում անկայունության աճ կառաջացնի եւ կբարդացնի նրա բնակիչների վիճակը: Այս մասին նշված է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրաքի Քուրդիստանի ժողովրդի հետ Միացյալ Նահանգների պատմականորեն ձեւավորված հարաբերությունները չեն փոխվի պարտադիր ուժ չունեցող այսօրվա հանրաքվեի լույսի ներքո: Սակայն մենք կարծում ենք, որ այս քայլը անկայունության աճի կհանգեցնի եւ կբարդացնի շրջանի ու նրա բնակիչների վիճակը»,- նշել է նա:

Նաուերթի խոսքով՝ «Միացյալ Նահանգները խորապես հիասթափված է» իրաքյան ինքնավարության իշխանությունների հանրաքվե անցկացնելու որոշումից, «այդ թվում՝ նաեւ այն շրջաններում, որոնք չեն մտնում Իրաքի Քուրդիստանի կազմի մեջ».


«Հանրաքվեն զգալիորեն կբարդացնի Իրաքի Քուրդիստանի կառավարության հարաբերությունները Իրաքի իշխանությունների եւ հարեւան երկրների հետ: Մեր կարծիքով՝ բոլոր կողմերը պետք է կառուցողական մասնակցություն ունենան երկխոսությանը՝ բոլոր իրաքցիների ապագան բարելավելու նպատակով: Միացյալ Նահանգները հանդես է գալիս բռնության եւ ցանկացած կողմի միակողմանի քայլերի դեմ՝ ուղղված սահմանների փոփոխությանը»,- նշել են Պետքարտուղարությունից:

Նաուերթը հիշեցրել է, որ «ԻՊ-ի դեմ պայքարը դեռեւս չի ավարտվել, եւ ծայրահեղական խմբավորումները կջանան օգտվել անկայունությունից ու տարաձայնություններից»: «Միացյալ Նահանգներն աջակցում է ժողովրդավարական եւ բարգավաճող Իրաքին»,- եզրափակել է Նաուերթը: