Մեկ տարի է՝ չենք կարողանում եկեղեցի մտնել. Փայլանը՝ Դիարբեքիրի Սրբ Կիրակոս եկեղեցու մասին
«Մեր եկեղեցի մեկ տարի է ո՛չ ես, ո՛չ դիարբեքիրցի հայերը չենք կարողանում մտնել: Մեր եկեղեցին ո՞վ է ավերում»: Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու շուրջ առկա վիճակին, եկեղեցու կողոպուտն ու պարբերական ավերումը հաստատող նոր լուսանկարներին:
Ինչպես գրում է armtimes-ը, Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում: Թուրք-քրդական բախումների հետեւանքով Դիարբեքիրում դեռեւս գործում է պարետային ժամը, եւ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքի խոսքով իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ստանում եկեղեցի մտնելու համար: Օգտվելով առիթից, որ եկեղեցին չի գործում, գողերը մտնում են այնտեղ, եւ ամեն օր եկեղեցուց նոր իրեր են պակասում:
Ալյըքը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար, որն արդեն իսկ լրջորեն վնասվել է 2015-ի նոյեմբերից 2016-ի մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների հետեւանքով ու նորոգման կարիք ունի:
Ավելի վաղ Դիարբեքիրի հայկական համայնքի ներկայացուցիչները թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ ռազմական գործողությունների ավարտից ու զինվորականների՝ տարածքից հեռանալուց հետո շատ բան է գողացվել եկեղեցուց՝ անգամ էլեկտրահաղորդման գծերը:
«Եկեղեցին դեռ արգելված գոտում է: Մենք այնտեղ գնալու համար 10 տեղից ստորագրություն ու անվտանգության երաշխիք ենք տանում, բայց գողերը հեշտ ու հանգիստ մտնում են տարածք»,- ասել էին դիարբեքիրցիները:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արեւելքում ամենամեծ եկեղեցիներից մեկը համարվող Սուրբ Կիրակոսը 31 տարվա դադարից հետո վերաբացվել էր 2011-ի հոկտեմբերի 22-ին, առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին էր տեղի ունեցել: Նորոգվել էր Դիարբեքիրի հայերի եւ Դիարբեքիրի այն ժամանակ քուրդ քաղաքապետի աջակցությամբ, որն այժմ հեռացվել է պաշտոնից. նրա փոխարեն ոչ թե ընտրվել, այլ նշանակվել է թուրք քաղաքապետ: