25.11.2024
Բաքու. Մոսկվան լուրջ հարված հասցրեց ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին
prev Նախորդ նորություն

Չեխիայում տեղյակ չեն եւ չեն արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքն Ադրբեջանին. ԱԳՆ

Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Այս մասին «Ազատության» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել է Չեխիայի ԱԳՆ-ից:


Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես «Տրենդը» և «Ազերնյուզը», ինչպես նաև Военное обозрение ռուսական էլեկտրոնային պարբերականը վերջին օրերին հայտնել են, թե ներկայում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ի շարս այլ զինատեսակների, կիրառվում է Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը:


Չեխիայի արտաքին գործոց նախարարությունն ի պատասխան «Ազատության» հայկական ծառայության հարցմանը, հաղորդել է, որ արտաքին ասպարեզում զենքի առևտրին վերաբերող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ: Սովորաբար, այս կամ այն զինատեսակի վաճառքի արտոնագիրը տրամադրում է Արդյունաբերության և առևտրի նախարարության լիցենզավորման վարչությունը, որը հաշվի է առնում համապատասխան գերատեսչությունների՝ Ներքին, Պաշտպանության և Արտաքին գործոց նախարարությունների պաշտոնական հիմնավորումները:


Ապա Չեխիայի ԱԳ նախարարությունը նշում է, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Ավելին, 2016 և 2017 թվականներին մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում:


Չեխիայի արտաքին գործոց նախարարությունը տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում: Նախարարությունը կշարունակի քննել այդ հարցը: Նախարարությունն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծումն անընդունելի է Չեխիայի համար:


Չեխիան սատարում է խնդրի խաղաղ կարգավորումը, որը կհիմնվի փոխզիջման սկզբունքի վրա և կհամապատասխանի միջազգային իրավունքին: Չեխիան շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա երեք համանախագահների ջանքերին:


«Ազատությունը» համապատասխան նամակով դիմել է նաև Չեխիայի Արդյունաբերության և առևտրի նախարարություն և մոտ ապագայում ակնկալում է այդ գերատեսչության պատասխանը: