Բաքու. Մոսկվան լուրջ հարված հասցրեց ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին
Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես հասարակական կազմակերպության լիկվիդացիայի մասին Ռուսաստանի Բարձրագույն դատարանի որոշումը լրջագույն հարված էր ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների զարգացմանը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաջիևը միաժամանակ նշել է, թե բարդ է հասկանալ նման որոշման պատճառը: «Ճիշտ այն ժամանակ, երբ անարդար որոշում է կայացվում Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի նկատմամբ, Ռուսաստանի հայերի միությունն այնտեղ լիովին աջակցություն է ստանում և շարունակում է գործունեությունը: Մենք զարմացած ենք և ափսոսում ենք Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գործունեությունը դադարեցնող որոշման համար», ասել է Հաջիևը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես հասարակական կազմակերպության լիկվիդացիայի մասին որոշումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ բախվել են մի քանի օբյեկտիվ խոչընդոտների, որոնք խանգարել են իրենց կատարել ՌԴ Արդարադատության նախարարության պահանջները, իսկ կառույցի կանոնակարգում ցուցված սխալներն անուղղելի չեն:
Արդարդատության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ կառույցի կազմակերպությունը թույլ է տվել կոպիտ բացթողումներ, որոնցից մի քանիսն անուղղելի են եւ պարբերական բնույթ են կրել:
Ռուսաստանում ադրբեջանական ամենամեծ կառույցը՝ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը դիմել էր վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Բարձրագույն դատարանի՝ կազմակերպությունը փակելու մասին մայիսի 15-ի որոշումը:
Ադրբեջանական կազմակերպության գործունեությունը կասեցվել է Արդարադատության նախարարության դատական հայցից հետո: Պատճառը կազմակերպության կանոնադրության անհամապատասխանությունն է ՌԴ օրենսդրությանը, ըստ որի հասարակական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել արտասահմանից: Իսկ այս կազմակերպությունն ամեն ամիս ֆինանսական աջացություն էր ստանում Բաքվից՝ իշխանամետ շրջանակներից: