24.11.2024
Բաքուն բրիտանական «սեւ դրամարկղով» կաշառել է եվրոպական քաղաքական գործիչներին. The Guardian
prev Նախորդ նորություն

Թուրքիայի ԵԱՏՄ-ին անդամակցությունը դրակա՞ն կազդի ԼՂ հիմնախնդի ու հայ-թուրքական կապերի վրա

Թուրք վերլուծաբան Օսման Քավալան կարծում է, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, ըստ որի, Թուրքիան ցանկանում է միանալ ԵԱՏՄ-ին, ոչ այնքան լիարժեք ծրագիր է, որքան նման մտադրության մասին պարզապես բարձրաձայնում:


Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցում են հետսովետական երկրներ, և, կարծես թե, ոչ ԱՊՀ երկրների անդամակցության առաջնայնություն չկա: « Ենթադրում եմ՝ եթե անգամ մտադրությունը հաստատվի, դժվար գործընթաց կամ գործընթացներ կպահանջվեն դրա հանգուցալուծման համար»,- նշեց նա:


Հիշեցնենք, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է մաքսային համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության հետ։ Թուրք նախարարը շեշտել էր, որ Թուրքիան մեծ ցանկություն ունի համագործակցել ԵԱՏՄ-ի հետ՝ չվնասելով իր ու Եվրամիության միջև եղած մաքսային համագործակցությունը: Ավելի ուշ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը ևս հայտնել էր, որ քննարկվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության հարցը:


Օսման Քավալայի խոսքով՝ Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին միանալու հիմքում ընկած են տնտեսական շարժառիթներ: «Թուրքիան ցանկանում է ապագայում զարգացնել իր տնտեսական և առևտրային հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ: Բայց այն նաև Ռուսաստանի և նրա տնտեսական գործընկերների մոտ վստահություն է առաջացնում համագործակցություն զարգացնելու հարցում և պարզ դարձնում, որ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության հարցն առաջ չի գնա»,- նշեց նա:


Խոսելով այն մասին, թե ինչ խնդիրներ կունենա Թուրքիան ԵՄ-ի հետ, եթե գնա ԵԱՏՄ-ին անդամակցության ճանապարհով, Օսման Քավալան նշեց, որ առանց այն էլ Թուրքիայի՝ ԵՄ-ի անդամակցությունը սառեցված է՝ տարբեր մի շարք քաղաքական խնդիրների պատճառով:


«Հեռանկարային առևտրային համաձայնագիրը ԵԱՏՄ-ի հետ կարող է որոշ դժվարություններ առաջացնել ԵՄ-ի հետ գոյություն ունեցող առևտրային համաձայնագրի համար, բայց չեմ կարծում, որ այն կունենա ուժեղ հավելյալ ազդեցություն Թուրքիայի և Եվրամիության միջև վատացող հարաբերությունների վրա»,- նշեց նա:


Դիտարկմանը, թե ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանը Թուրքիայի հետ ցամաքային սահման ունի, իսկ ԵԱՏՄ-ում գործում են «բաց սահմաններ», «ազատ առևտուր» սկզբունքները, հնարավո՞ր է, որ դա հաշվի առնելով՝ օրակարգ մտնի հայ-թուրքական սահմանները բացելու թեման, թուրք վերլուծաբանը պատասխանեց․«Եթե Թուրքիան քայլեր ձեռնարկի ԵԱՏՄ մտնելու համար, նա նաև կխրախուսի Ադրբեջանին այդպես անել: Այս սցենարի զարգացման դեպքում հնարավոր է, որ բնականորեն ավելի ուժեղ կենտրոնացում լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման վրա, որը կառաջնորդվի հարաբերությունների կարգավորմամբ և Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանների բացմամբ»:


Թուրք վերլուծաբանը կանխատեսեց՝ այնուամենայնիվ Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին հնարավոր միանալու գործընթացը բարդ և երկար ժամանակ պահանջող է, բայց նշեց, որ եթե համաձայնագիր ստորագրվի, ապա դա դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա: