24.11.2024
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ՀՀ քաղաքացի է մահացել
prev Նախորդ նորություն

Արևմուտքն «Իսլամական պետության» դեմ Ադրբեջանի պայքարին անվստահություն է հայտնել

Արևմուտքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Ադրբեջանի պայքարին անվստահութուն է հայտնել, երկիրը ճգնաժամից դուրս բերելու Բաքվի փորձերը թուլացրել են տեղի հատուկ ծառայությունների արդյունավետությունը, գրում է «Независимая Газета»-ն:


Թուրքիայում ձերբակալվել են ադրբեջանցիներ, որոնք «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններ են: Ժանդարմերիան Սիրիայի հետ սահմանին գտնվող գյուղերից մեկում հինգ մահապարտ ահաբեկիչ է ձերբակալել, որոնցից երեքն Ադրբեջանի քաղաքացիներ են: Թուրքերին ցնցել էր այն, որ ձերբակալվածների թվում եղել է նաև երկու կին:


Ադրբեջանը հիշատակվել է որպես ԻՊ-ի համար կադրերի աղբյուր ամռան վերջին Անվտանգության և տեղեկատվության եվրոպական դեպարտամենտի (DESI) գլխավոր քարտուղար, Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների հարցերով միջազգային հանձնաժողովի հանձնակատար Հայսամ Աբու Սաիդի կողմից: Աբու Սաիդն ընդգծել է, որ ԻՊ-ի կողմից կռվող ադրբեջանցի ահաբեկիչները, գործելով միջազգային խմբավորումների կազմում, վտանգ են ներկայացնում մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Բելգիայի համար:


Սիրիայից Եվրոպա ջիհադականների անցումը Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր տեղի է ունենում Թուրքիայով: Ջիհադականները, հայտնվելով Թուրքիայում, կամ գնում են ընդհատակ, կամ ղեկավարներից ստացած հրահանգներով ուղղվում այլ երկրներ: Ադրբեջանցի ահաբեկիչներին հեշտ է ինտեգրվել հակառուսական տրամադրված բելգիացի վայնախներին: Վայնախ սալաֆիթների կողմից հարգված Շամիլ Բասաևը հերոս է նաև ադրբեջանցի ջիհադականների համար, գրում է կայքը:


Թուրքիան տարվա երկրորդ կեսից սառեցնում է իր երբեմնի ջերմ զգացումներն ադրբեջանցիների հանդեպ: Ամռանը Թուրքիայի ՆԳՆ-ն փաստաթուղթ է հրապարակել, որում նշվում է, որ ահաբեկչական գործունեության կասկածանքով երկրից արտաքսվել է Ադրբեջանի 252 քաղաքացի, իսկ ևս 1.677-ին արգելվել է մուտք գործել Թուրքիա: ԻՊ-ի ընդլայնման վերաբերյալ անհանգստանում են նաև Ադրբեջանում: Հուլիսի կեսից Բաքվում ընթանում է Ալ Բաղդադիին հավատարմության երդում տված սումգայիթցի Այդին Գյուլմամեդովի և Ամրախ Իմանովի դատավարությունը: Նրանց երդման դրդած Ֆուադ Ռուստամովին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունները ոչնչացրել են 2016 թվականի աշնան վերջին:


Սումգայիթը համարվում է երկրում ԻՊ-ի գլխավոր հենակետը և ջիհադականների «մայրաքաղաքը»: ԽՍՀՄ փլուզումից հետո Սումգայիթում հոգևոր իշխանությունը վերցրել են սալաֆիթները: Ութմիլիոնանոց Ադրբեջանում կա 1 միլիոն սալաֆիթ: Բաքվում կա՛մ վահաբիստ դարձած, կա՛մ «Նուրջուլար»-ի հետևորդ դարձած նախկին սուննիների ամբողջ թաղամասեր կան:


Կայքը գրում է, որ ժամանակին Կովկասում սարսափ առաջացնող «Դաղստանի ամիր» Իլգար Մոլաչիևի՝ Բասաևի գրոհայինի անցումն Ադրբեջանից Դաղստան ստիպել է կասկածել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի պրոֆեսիոնալիզմի հարցում, քանի որ այդ ընթացքում գերատեսչությունը գործողություն էր իրականացնում ամբողջ Ադրբեջանում հետախուզվող ահաբեկչի դեմ: Գերատեսչությունը որոշ ժամանակ անց լուծարել են, իսկ աշխատակիցները հայտնվել են դատարանում: Պարզվել է, որ գերատեսչությունը Մահմուդովի ղեկավարության օրոք սկսել է ջիհադականներից կաշառքներ ստանալ, ինչի շնորհիվ վերջիններս կարողանում էին Թուրքիայով գնալ Սիրիա՝ ջիհադի: Բացի այդ, իր պաշտոնը Մահմուդովն օգտագործել է Ադրբեջանի միջազգային բանկից միջոցներ յուրացնելու համար, որի նախագահը նրա մերձավոր Ջահանգիր Հաջիևն էր: Տեղեկությունների համաձայն՝ Հաջիևը և Մահմուդովը, օգտագործելով իրենց պաշտոնները, բանկից մի քանի միլիարդ դոլար են գողացել:


Նրանք երկուսն էլ իրենց պաշտոնների համար պարտական էին նրան, որ մտնում էին Փաշաևների կլանի մեջ, որը երկրում նշանակությամբ երկրորդ քաղաքական կլանն է, որը կոչվում է Ադրբեջանի առաջին տիկնոջ հոր անունով: Երկրի նախագահ Իլհամ Ալիևի կլանի և նրա կնոջ կլանի միջև երկար ժամանակ է, ինչ պայքար է ընթանում երկրում իշխանության համար:


Ալիևը, հեռացնելով Մահմուդովին և լուծարելով Ազգային անվտանգության նախարարությունը, որը Մահմուդովը ղեկավարում էր 2004 թվականից ի վեր, կարծել է, որ դրանով ոչնչացնում է իրեն դիմակայող կլանի գործիքը և քայլ է անում երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու համար: Արդյունքում՝ Ալիևն իր ձեռքերով թուլացրել է երկրի պետական անվտանգության համակարգը, ինչից օգտվում են վահաբիստները: Նրանք նախկինում էլ ուժայինների հիմնական մասի ոչ պրոֆեսիոնալության պատճառով իրենց երկրի ներսում բավական հանգիստ էին զգում: Այժմ, սակայն, Ալիևը ժամանակ չունի սալաֆիթների համար: Երկրում ճգնաժամ է, աճում է սոցիալական դժգոհությունը, իսկ Փաշաևների կլանի համար ակնհայտորեն բավարար չէ այն, որ Ալիևը նրանց համար փոխեց Սահմանադրությունը և իր կնոջը դարձրեց երկրի փոխնախագահ: Ադրբեջանի միջազգային բանկը՝ երկրի տնտեսական սիրտը, սնանկության եզրին է, ասում է քաղաքագետ Ֆիքրեթ Շաբանովը:


Մայիսի վերջին մի շարք միջազգային վարկանշային գործակալություններ Ադրբեջանի միջազգային բանկի կառավարման խորհրդին անվստահություն են հայտնել ճգնաժամից բանկը դուրս բերելու կարողության առումով: Ամռան վերջին Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների հարցերով միջազգային հանձնաժողովը հայտարարել է, որ մի շարք երկրների հատուկ ծառայություններ, որոնց մեջ է մտնում Ադրբեջանը, կորցրել են իրենց արևմտյան գործընկերների վստահությունն ԻՊ-ի դեմ պայքարում: Հանձնաժողովի հայտարարությունում ասվում էր, որ «սնանկ պարտապանները» տնտեսապես սերտ կապված են արաբական երկրների հետ, ինչի պատճառով տեղի է ունենում կարևոր տեղեկությունների գաղտնազերծում, ինչն Ադրբեջանում հակաահաբեկչական գործունեությունն անարդյունավետ է դարձնում: